Գերմանիայի ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի ղեկավարը չի հավատում, որ Թուրքիան աջակցում է ԻԼԻՊ գրոհայիններին: Յասպեր Վիկի ասելով, դժվար է պատկերացնել, որ Թուրքիան աջակցում է իսլամականներին:
«Ավելին, Թուրքիայի հարավային սահմանները լրջորեն տուժել են սիրիացի փախստականների հոսքից: Ես ստույգ տվյալներ չունեմ, սակայն որքան ինձ հայտնի է, ավելի քան 1,7 մլն սիրիացի փախստական է անցել Թուրքիայի տարածք, ինչը լուրջ սպառնալիք է հենց Թուրքիայի անվտանգության համար», - նշել է նա` մայիսի 22-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում: Ընդ որում նա հավելել է, որ ոչ ոք չգիտի, թե ով է ներթափանցում Թուրքիա և հետագայում ինչով է զբաղվում:
Նա նաև հավելել է, որ Թուրքիայի անվտանգությունն ապահովելու համար Սիրիայի հետ նրա սահմանին տեղակայվել են «Փաթրիոթ» զենիթահրթիռային համալիրներ: Վիկը նշել է, որ ՆԱՏՕ-ն հետևում է իրավիճակին և ձգտում է պաշտպանել իր գործընկերներին:
ՆԱՏՕ-ի բաժնի պետը նաև համոզված է, որ, խոսելով նույն Թուրքիայի մասին, հարկավոր է սահմանազատել, թե ում մասին է խոսք գնում` գործող իշխանության թե երկրի մասնավոր կազմակերպությունների:
«Ես լսել եմ նաև մեղադրանքներ, թե Թուրքիայի հիվանդանոցներում բժշկական օգնություն են ստանում ԻԼԻՊ գրոհայիններ, սակայն, չէ որ ոչ ոք չգիտի, թե ով է հատում թուրք-սիրիական սահմանը` որպես փախստական: Եվ այդ առնչությամբ ես կոչ եմ անում չքննադատել Թուրքիային, քանի որ իրավիճակն այնպես պարզ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից», - եզրափակել է նա: