ԼՂՀ ԱԳ նախարարության գլխավոր նպատակն Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ հակամարտության կարգավորմանը հասնելն է, սակայն բանակցությունների սեղանին կողմերից մեկի
(Ստեփանակերտի – խմբ.) բացակայությունը դժվարացնում է իրական առաջընթացի ձեռքբերման գործընթացը: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը «The European Times» հանդեսում
հրապարակված հարցազրույցում:
Այդ առնչությամբ նա ընդգծել է ԼՂՀ մասնակցությամբ բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնման կարևորությունը: Միրզոյանը նշել է, որ Ղարաբաղի ժողովրդի ջանքերի շնորհիվ եւ արտերկրում բնակվող հայրենակիցների օգնությամբ Արցախի տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է, եւ հիմա ներդրումների համար լավ հեռանկարներ կան: «Ներդրողներին գրավում են մեր որակյալ աշխատուժն ու բաց, ազատական ներդրումային միջավայրը»,- հավաստիացրել է նա:
Կարեն Միրզոյանն ընդգծել է, որ 2015 թվականի վերջին կբացվի Մարտակերտ-Վարդենիս ճանապարհը: «Ստեփանակերտի օդանավակայանի վերանորոգումը լրացուցիչ ներդրումային գրավչություն է ապահովելու եւ հզոր խթան է հանդիսանալու երկրում զբոսաշրջության զարգացման համար»,- հավելել է նա: «Ոմանք ասում են՝ Լեռնային Ղարաբաղն այնտեղ է, որտեղ ավարտվում է Եվրոպան: Մենք ասում ենք՝ այստեղից Եվրոպան սկսվում է», -
նշել է Միրզոյանը:
«The European Times»-ը հարցազրույցների շարք է նվիրել Լեռնային Ղարաբաղին`
զրուցելով հանրապետության մի շարք բարձրաստիճան անձանց հետ: