Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի իրավաբանորեն պարտադիր կամարտահայտման հիման վրա. այդպիսին է Ռուսաստանի դիրքորոշումը: Այդ մասին մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
ՙՄենք գտնում ենք, որ այդ հարցը լուծվելու է քաղաքական-դիվանագիտական միջոցներով: Ուզում եմ հիշեցնել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների թվում, որոնք պարունակվում են 2009-2013 թթ. Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հայտարարություններում, հիշատակվում է այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի իրավաբանորեն պարտադիր կամարտահայտման հիման վրա՚,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Միաժամանակ նա կրկին ընդգծել է, որ Ռուսաստանը, որպես միջազգային միջնորդ, պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող այլ պետությունների հետ միասին այդ նպատակի իրագործման հարցում անհրաժեշտ աջակցություն ցույց տալ հակամարտության կողմերին: Նա ընդգծել է, որ ղարաբաղյան հարցը Ռուսաստանի արտաքին քաղաքական գերակայությունների թվում է: