Վարչապետի պաշտոնից Տիգրան Սարգսյանի հեռանալը պայմանավորված չէր որևէ արտաքին
գործոնով: Ապրիլի 15-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է քաղաքագետ,
Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: «Աշխուժորեն շրջանառվող լուրերը`
միշտ չէ, որ համապատասխանում են իրականությանը: Ինձ թվում է, որ Տիգրան Սարգսյանը
չէր կարող խնդիրներ ունենալ միջազգային գործընկերների հետ հարաբերություններում»,
- նշել է Մինասյանը:
Նրա ասելով, Սարգսյանը երկար տարիներ և հաջողությամբ
աշխատել է արևմտյան ֆինանսական կառույցների հետ, այդ առումով` նա վիթխարի փորձ
ունի: Նա բավականին լավ էր նախապատրաստել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի
ստորագրման գործընթացը, իսկ սեպտեմբերի 3-ի հայտնի որոշումից հետո աննախադեպ սեղմ
ժամկետում նախկին վարչապետը կարողացավ ձեռնամուխ լինել Մաքսային միությանն
անդամակցության գործընթացին` իր արագ գործելակերպով և մանրակրկիտությամբ
զարմացնելով անգամ ռուսական կողմին:
«Ռուսաստանցի
գործընկերների հետ հարաբերություններում նույնպես վարչապետը չէր կարող
բարդություններ ունենալ. ի՞նչ խնդիրներ կարող էր ունենալ «Գազպրոմի» ղեկավարի
համակուրսեցին: Հաշվի առնելով այդ և այլ, ոչ պակաս կարևոր հանգամանքները` ես
կարծում եմ, որ Սարգսյանի հրաժարականը 99.9 տոկոսով պայմանավորվծա էր երկրում առկա
ներքաղաքական և սոցիալ-տնտեսական խնդիրներով», - ամփոփել է Մինասյանը: