ՀՀ խորհրդարանն առաջին ընթերցմամբ 98 ՙկողմ՚ ձայնով հավանություն է տվել Ընտրական օրենսգրքում փոփոխությունների և լրացումների նախագծին:
Նախագծին կողմ քվեարկել է 98, դեմ՝ 9, ձեռնպահ 5 պատգամավոր:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին մեղադրել է կանոնակարգը խախտելու մեջ, քանի որ վարման կարգով թույլ չտրվեց պատգամավորներին խոսել: ՙՈրոշ խմբակցություններ մտադիր էին 20 րոպեով ընդմիջում պահանջել՝ հետագա քվեարկությունը քննարկելու նպատակով՚,- հայտարարել է նա:
ՙՕրինաց երկիր՚ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն անընդունելի է համարել նման վարքագիծը՝ նշելով, որ խմբակցությունը չի քվեարկել նախագծի առնչությամբ, քանի որ վերջինիս անդամ Հովհաննես Մարգարյանին հնարավորություն չի տրվել պատասխանելու նախագծի հիմնական զեկուցողին՝ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանին: Ի պատասխան՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարել է, որ խմբակցությունը հնարավորություն ուներ քննարկումների համար և վարման կարգով ելույթները կարող են տեղափոխվել քվեարկությունից հետո:
ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, դիմելով Նաղդալյանին, ասել է. ՙԴուք լավ գիտեք, որ դիտավորյալ խախտել եք կանոնակարգը՝ իմանալով, որ ընդդիմությունը 20 րոպե ընդմիջում կպահանջի, ինչից հետո այլևս չեք կարողանա ՙբերման ենթարկել՚ ձեր քվեարկողներին, ովքեր արդեն լքել են նիստերի դահլիճը՚: