Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը տեղեկություն չունի առաջիկայում համաներման հնարավորության վերաբերյալ: Մայիսի 25-ին մամուլի ասուլիսում նա հայտարարել է, որ համաներում հայտարարելը հանրապետության նախագահի առանձնաշնորհն է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ ապրիլին սպասվում է համաներում` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ: Այնուհետև համաներումը «տեղափոխվեց» մայիսին` «Հիմնադիր խորհրդարանի» անդամների կալանավորման առնչությամբ: Ենթադրվում էր, որ Ժիրայր Սեֆլյանին և նրա կողմնակիցներիբ ազատ են արձակելու համաներմամբ, սակայն Սեֆիլյանն ու նրա կողմնակիցներն ազատ արձակվեցին 100-րդ տարելիցի միջոցառումներից հետո միայն, իսկ համաներում, այդպես էլ, չեղավ:
Այդ առնչությամբ լրագրողները նախարարից հետաքրքրվել են, թե արդյոք երկրի ղեկավարությունը մտադիր չէ լուծել այդ հարցը, առավել ևս, որ նախլորդ տարի կալանավորների թիվը 174-ով ավելացել է: Նախարարը նշել է, թե համաներումը ոչ մի դեպքում չի կարելի դիտարկել որպես ՔԿՀ-ների բեռնաթափման գործիք: «Թե արդյոք կլինի համաներում` կորոշի նախագահը», - նշել է նա: Բացի այդ, Հայաստանում կալանավորների թիվը 100 բնակչի հաշվով մի քանի անգամ զիջում է Վրաստանի համանման ցուցանիշին` մոտ 1-ը` 5-ի հարաբերակցությամբ, նշել է նախարարը:
Նշենք, որ տվյալ պահի դրությամբ այդ ցուցանիշը Հայաստանում կազմում է շուրջ 5 հազար մարդ: