Պատմական դեպքերի նենգափոխումը չի կարող հաղթել պատմության անհերքելի ճշմարտությանը։ Այդ մասին հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ն, մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլի 23-ի հայտարարությանը, որում նա ցավակցություն է հայտնել Հայոց ցեղասպանության զոհերի
թոռներին` Մեծ եղեռնը որակելով «20-րդ դարի սկզբի իրադարձություններ»:
«Այն, ինչ տեղի ունեցավ 1915 թվականին Թուրքիայում, պատերազմի հետևանքով տեղի ունեցած դեպքեր չէին, պարոն վարչապետ, այլ Ցեղասպանություն էր հայ ժողովրդի նկատմամբ՝ բառի իրավական և քաղաքական հասկացողությամբ։ Ցեղասպանություն՝ կազմակերպված և գործադրված նախահայրերիդ` Թալեաթ փաշաների և էնվերների կողմից։ Հետևաբար, հայ ժողովուրդը ցավակցություն և բարոյախոսություն չի ակնկալում Թուրքիայից, այլ՝ Հայոց ցեղասպանության ճանաչում և հատուցում»,- ասել է Արամ Ա. Վեհափառը կաթողիկոսարանի ֆեյսբուքյան էջում զետեղված
հայտարարությունում։