Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հանդես է եկել
հայտարարությամբ Ռուսաստանի և Աբխազիայի իշխանությունների միջև համագործակցության
շուրջ համաձայնագրի ստորագրման առնչությամբ: Այդ մասին հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:
«Ռուսաստանի Դաշնության և օկուպացված Աբխազիայի կողմից
այսպես կոչված «Դաշնակցության և ռազմավարական գործընկերության շուրջ» համաձայնագրի
ստորագրումը Վրաստանի տարածքների բռնակցմանն ուղղված քայլ է, որն ավելի է
բարդացնում իրավիճակը Հարավային Կովկասում և փակուղի է մտցնում Վրաստանի և
Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, իսկ Աբխազիային դնում
է անհաղթահարելի խնդրի առջև», - ասվում է հայտարարությունում:
Վրաստանի նախագահը նշում է, որ «այդ քայլով Ռուսաստանի
Դաշնությունը փորձում է օկուպացված Աբխազիան արդեն վերածել իր ռազմական, քաղաքական
և սոցիալ-տնտեսական տարածքի և Վրաստանի համընդհանուր ճանաչված սահմանը Փսոու գետից
տեղափոխել մինչև Ինգուրի գետը»:
Ինչպես նշվում է նախագահի հայտարարությունում, նման
փաստաթղթի ստորագրումը «կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը և
պետությունների միջև հարաբերությունների քաղաքակիրթ փորձը և Վրաստանին ու
միջազգային հանրությանը դնում է լրացուցիչ մարտահրավերների առջև»: «Պարզ է, որ
առանց համարժեք պատասխան ստանալու, Ռուսաստանը կշարունակի իր էքսպանսիայի և
անեքսիայի քաղաքականությունը հետխորհրդային տարածքում», - ընդգծվում է Վրաստանի
նախագահի հայտարարությունում:
Մարգվելաշվիլին իր
հայտարարությունում ընդսմին համաշխարհային հանրությանը կոչ է անում «համատեղ
քայլեր ձեռնարկել ընդդեմ անեքսիայի»: «Մենք հնարավոր և ցանկալի ենք համարում
ներկայացուցչական միջազգային համաժողովի անցկացումը, որի ընթացքում կմշակվեն
ինչպես նմանօրինակ խնդիրների նկատմամբ երկարաժամկետ մոտեցումներ, այնպես էլ
որոշակի միջոցներ ընդդեմ Եվրոպայում նոր անօրինական սահմաններ հաստատելու փորձերի:
Այսօր մեզ անհրաժեշտ է միասնություն, վճռականություն, ողջախոհություն և անխոնջ
աշխատանք մեր պետականության դեմ չափազանց վտանգավոր քաղաքականությանը դիմակայելու համար», - նշծվում է
հայտարարությունում:
Նախօրեին
Ռուսսատանի նախագահ Վլադիմիր Պուտինն Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբայի հետ
հանդիպմանը հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում Հայաստանի հետ երկաթուղային
հաղորդակցության վերականգնումն աբխազական
հատվածի բացման օգնությամբ:
«Այսօր կայացած բանակցությունների ընթացքում մենք զգալի ուշադրություն հատկացրեցինք տրանսպորտային ենթակառուցվածքների հարցերին: Հնարավոր ենք համարում մյուս գործընկերների հետ մտածել և ընդհանուր համաձայնությամբ իրականացնել այդ նախագիծը,
օրինակ, որպես երկաթուղային տարանցիկ հաղորդակցություն` Սուխումի, Թբիլիսի ուղղություններով, իսկ հետագայում դեպի Հայաստան,
իսկ մյուս կողմից` դեպի Ռուսաստան»,-ասել է Պուտինը: Նա համոզմունք է հայտնել, որ նման նախագծերի իրականացումը կնպաստի տարածաշրջանի բոլոր շահագրգիռ երկրների հետ համագործակցության զարգացման համար պայմանների ստեղծմանը:
Ըստ վրացական ԶԼՄ-ների, դեռ 2012-ի հոկտեմբերին վերաինտեգրման գծով պետնախարարը հայտարարել էր, որ Վրաստանի իշխանությունները պարաստ են վրացական երկաթուղու աբխազական հատվածի միջոցով Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության հաստատմանը`«Աբխազիայի ապամեկուսացման ռազմավարության» շրջանակներում: Մեկ ամիս անց նա հայտարարեց, որ «այդ թեման իսկույն փակվեց այն բանից հետո, երբ աբխազական կողմը չցուցաբերեց հետաքրքրություն»: Նշենք, որ երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի և Ռուսաստանի միջև փակվել է 1992-1993 թվականներին: Երկաթուղու բացումը Հայաստանի համար ունի ռազմավարական կարևոր նշանակություն, քանի որ դա Ռուսաստանին կապող ամենակարճ ու էժան ճանապարհն է: Մինչդեռ, օրերս Վրաստանի պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին լրագրողներին հաղորդեց, որ Աբխազական երկաթուղու բացման ողղությամբ «ոչինչ տեղի չի ունենում, չկան բանակցություններ»: