Վերջին պահին Բաքուն կարող է մտափոխվել և մասնակցել
«Եվրոնեստ» ԽՎ Երևանի նստաշրջանին: Այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի
խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Արտակ Զաքարյանը`
ելույթ ունենալով Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգին նվիրված
խորհրդաժողովում:
«Եվրոնեստի» ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլհան
Սուլեյմանովը դեռ փետրվարի սկզբին հայտարարել էր, որ իր գլխավորած
պատվիրակությունը չի մասնակցի «Եվրոնեստ» ԽՎ 4-րդ նստաշրջանին, որը տեղի է
ունենալու մարտի 16-20-ը Երևանում: Նրա ասելով, Ադրբեջանը երկար ժամանակ բողոքել է
կազմակերպությունում Հայաստանի նախագահության դեմ` այսպես կոչված «օկուպացված
տարածքների» առնչությամբ:
Ա.Զաքարյանի
կարծիքով, սակայն, չի բացառվում, որ վերջին պահին Բաքուն փոխի իր որոշումը, քանզի
նման նախադեպեր արդեն եղել են: «Ամեն դեպքում մենք համոզված ենք, որ Երևանի
նստաշրջանը Բաքվի մասնակցությունից կամ չմասնակցությունից չի տուժի: Երևանի
նստաշրջանի օրակարգը բավականին հագեցած է: Նիստի վերջում նախատեսվում է հաստատել
չորս զեկույց` «Եվրոպական հարևանության» քաղաքականության և «Արևելյան
գործընկերության» շրջանակներում 2014-2020 թթ. համագործակցության հարցերի
վերաբերյալ: Զեկույցը նաև ներառում է «Արևելյան գրծընկերության» մասնակից երկրների
տարածքում հաղորդակցությունների խնդիրը, մշակութային երկխոսության, էներգետիկ
անվտանգության հարցեր, այդ թվում` էներգապաշարների նոր աղբյուրների և էներգիայի
այլընտրանքային աղբյուրների հարցեր», - նշել է պատգամավորը: Զաքարյանը նշել է, որ
դա «Արևելյան գործընկերության» շրջանակներում առաջին լուրջ միջոցառումն է նոր
Եվրախորհրդարանի ընտրության պահից ի վեր: «Մենք ակնկալում ենք խորհրդարանների,
ինչպես նաև քաղաքական կուսակցությունների մակարդակի երկխոսության աշխուժացում: Կարծում
եմ, ժամանակն է փոքր-ինչ տեղաշարժվել համեմատաբար պասիվ կետից, - նշել է հայ
պատգամավորը: