Գյումրիի
փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչները վաղ առավոտից գործադուլ են
սկսել` այդպիսով արտահայտելով իրենց
դժգոհությունը հոկտեմբերի 1-ից «Շրջանառության հարկի մասին» օրենքի
փոփոխությունների ուժի մեջ մտնելու առնչությամբ:
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը Գյումրիից, շուրջ
5000 առևտրականներ հավաքվել են Գյումրիի կենտրոնական հրապարակում, փակել բոլոր
ճանապարհները և պահնաջում են շտապ հանդիպում Շիրակի մարզից մեծամասնական
ընտրակարգով ընտրված ՀՀԿ պատգամավորներ Արման Սահակյանի, Աշոտ Աղաբաբյանի, Մուշեղ
Պետրոսյանի և ԲՀԿ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ: «Մենք ենք նրանց ընտրել
խորհրդարան և պահանջում ենք, որպեսզի նրանք կանգնեն մեր կողքին և կիսեն մեր ծանր
կենցաղը», - նշում են հանրահավաքի մասնակիցները: Նրանք նաև հայտարարում են Շիրակի
մարզպետի և Գյումրիի քաղաքապետի անպիտանիության մասին:
Հիշեցնենք, որ նախօրեին երեք ոչ իշխանական ուժերի (ԲՀԿ,
ՀԱԿ, «Ժառանգություն») պատգամավորները նշված օրենքից ՓՄՁ ներկայացուցիչների
դժգոհության առնչությամբ
ԱԺ արտահերթ
նիստ էին նախաձեռնել, որը, սակայն, տապալվեց հանրապետական պատգամավորների բոյկոտի
հետևանքով: Այն ժամանակ, երբ
խորհրդարանում փորձում էին նիստ անցկացնել, ԱԺ շենքի մոտ հավաքվել էին մի
քանի հարյուր առևտրականներ:
2014 թվականի հոկտեմբերի 1-ից նախատեսվում է 3.5%-ից մինչև 1% նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափերը առևտրի ոլորտի տնտեսվարող սուբյեկտների համար: Բացի այդ, ներդրվում է ընտանեկան բիզնեսի կարգավիճակը: Այլ խոսքով, տարեկան մինչև 12 մլն.դրամի շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները կգրանցվեն ընտանեկան բիզնեսի կարգավիճակով, ազատվելով հարկեր վճարելուց: 2015 թվականի հունվարի 1-ից ՓՄՁ նկատմամբ կիրառվեն պատասխանատվության հետևյալ միջոցները: Սկզբում սուբյեկտը կնախազգուշացվի, իսկ կրկնության դեպքում կտուգանվի 20 հազար դրամով: Երրորդ անգամ տոգանքը կկազմի տարեսկզբից հաշվարկված շրջանառության 5%-ը, իսկ չորրորդ խախտման դեպքում սուբյեկտը կհայտնվի ԱԱՀ գործողության դաշտում: 2016 թվականի հունվարի 1-ից ՓՄՁ այն սուբյեկտը, որը չի ունենա փաստաթղթերի շրջանառություն, տուգանք կվճարի ավելի բարձր` 5% դրույքաչափով, իսկ կրկնվելու դեպքում կհայտնվի ԱԱՀ դաշտում: Դրա հետ մեկտեց, կներդրվի «բարեխիղճ հարկատու» համակարգը, որով ենթադրվում է, որ ՓՄՁ-ն ինքնուրույն տեղափոխվում է «սպիտակ դաշտ» և հարկային մարմնին է ներկայացնում համապատասխան փաստաթղթերը: Կհստակեցվեն նաև վարչական իրավախախտումների պատասխանատվության նորմերը, ինչպես նաև կխստացվեն վարչական իրավախախտումների նկատմամբ վերահսկողության մեխանիզմները: