Թուրք հասարակությունում պայթյուն է հասունանում, ինչի արդյունքը Հայոց ցեղասպանության ճանաչումը կդառնա, Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՙՄիջազգային կամուրջ՚ թուրքական միավորման անդամ և Եվրոպայի վիրաբույժների միության նախագահ, պրոֆեսոր Ջեմ Թերզին`պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:
Չնայած այն բանին, որ թուրք հասարակության ընդամենը 9%-ն է հանդես գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին`փորձագետը գտնում է, որ հասունանում է լուրջ շարժում, որի ճնշման ներքո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և նրա կառավարությունն ստիպված կլինեն ճանաչել իրենց նախնիների կողմից իրագործված Ցեղասպանությունը: ՙՄեր երիտասարդ սերունդը չգիտի ճշմարտությունը, սակայն հետաքրքրվում է, և շուտով ամեն բան կտրուկ կփոխվի՚,- կանխատեսում է նա:
ՙՄենք չենք ցանկանում 100 տարի առաջ կատարված հանցագործության մեղսակից լինել, մենք չենք ուզում ապրել կեղծիքի մեջ, մեզ անհրաժեշտ է ճշմարտությունը, որը հայ-թուրքական բարեկամության սկիզբ կդառնա՚,- նշել է նա: Ըստ որում, հասարակական գործիչը նշել է, որ հայ-թուրքական հարաբերություններում տարածքային հարց չպետք է լինի, քանի որ, նրա կարծիքով, նման հարցերը միայն վատթարացնում են իրավիճակը: ՙՀուսով եմ, որ մի օր մարդկությունը կհրաժարվի սահմաններից և կհասկանա, որ գլխավորը մարդիկ են, այլ ոչ թե`հողերը՚,- ընդգծել է նա: