ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են անում հարգել պայմանավորվածությունները, որոնք արտացոլված են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Վիեննայի հանդիպման և Սարգսյանի, Ալիևի ու Պուտինի Սանտկ Պետերբուրգի հանդիպման արդյունքներին նվիրված համատեղ հայտարարություններում:
«Մենք Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ ենք անում վերացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի առաքելության ընդլայման ճանապարհին մնացած բոլոր խոչընդոտները: Մենք նաև կոչ ենք անում նպաստել բանակցություններում առաջընթացին և հակամարտության գոտում սահմանային միջադեպերի հետաքննությունների մեխանիզմների ներդրման շուրջ առաջարկների իրագործմանը: Մենք կշարունակենք կողմերի հետ մեր աշխատանքը`այդ միջոցառումների իրացման գործում առաջըթնացի հասնելու ուղղությամբ», - ասվում է միջնորդների հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Վիեննայի հանդիպման արդյունքում Սարգսյանն ու Ալիևը պայմանավորվել էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի ընդլայնման շուրջ: Հանդիպման մասնակիցները պայմանավորվել էին նաև հարգել 1994 թվականի հրադադարի շուրջ համաձայնագիրը և նպաստել սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծմանը: Սակայն Վիեննայի հանդիպումից անմիջապես հետո Բաքուն հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, թե ինքը համատեղ փաստաթուղթ չի ստորագրել: Այդուհանդերձ, Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների Սանկտ Պետերբուրգի հանդիպման ժամանակ հաստատվեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի ընդլայնման վերաբերյալ դրույթը, սակայն հետաքննության մեխանիզմների մասին առանձին չէր նշվել: Ի տարբերւոթյուն Վիեննայի` Սանկտ Պետերբուրգի հանդիպման արդյունքները ողջունել է ոչ միայն Երևանը, այլև` Բաքուն: