Հայաստանում իշխանության դեմ բողոքներ կարող են սկսվել միայն աշնանն ընտրարշավին ընդառաջ կամ Ղարաբաղի հարցում ֆորս-մաժորի դեպքում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
ՙԵս չեմ բացառում ֆորս-մաժորը՝ նկատի ունենալով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների պետերբուրգյան բանակցությունների արդյունքների առնչությամբ ոչ այնքան մեծ լավատեսությունը: Կարծում եմ՝ նույնիսկ ԵԱՀԿ դիտորդների թվի կրկնապատկումը շփման գծի իրադրության վրա էապես ազդելու հնարավորություն չի տա նրանց: Հայաստանի և Ադրբեջանի միջև նման համաձայնություններ բազմիցս են ձեռքբերվել, սակայն դրանք բոլորը հաջողությամբ անտեսվել են հակամարտության կողմերի կողմից՚,- նշել է նա:
Ըստ որում, քաղաքագետը դրական է գնահատում Սարգսյան-Ալիև հանդիպումը՝ ապրիլյան պատերազմից երկու ամիս անց հետագա բանակցությունների նրանց համաձայնությունն առավելագույն հաջողություն համարելով:
Այս առումով Իսկանդարյանն ամառը համարում է քաղաքական դաշտում հարաբերական անդորրի ժամանակաշրջան, քանի որ քաղաքական իրավիճակը սկսում է ակտիվանալ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Քաղաքագետն ընդգծել է, որ ներկայումս էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաների հիմքեր չկան, ինչպես անցած տարի տեղի ունեցավ:
ՙԻհարկե, իշխանությունից հասարակության դժգոհությունը ոչ մի տեղ չի կորչել: Եվ հիմա այն հիմնականում խմբավորված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իշխանությունների վարքագծի և ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալության միջև: Սակայն, այս երկու ոչ պակաս կարևոր, բայց., այնուամենայնիվ, առանձին խնդիրների շուրջ հասարակական բողոքի համախմբման համար շատ լուրջ հիմք է պետք, որն առայժմ նկատելի չէ՚,- ամփոփել է Իսկանդարյանը: