ՎՏԲ-Հայաստան Բանկը 2016 թվականի առաջին եռամսյակում արձանագրել է վարկային պարտավորությունների վերանայման հայտերի թվի կրկնակի աճ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գովազդի եւ հասարակայնության հետ կապերի բաժինից, կրկնակի աճ է արձանագրվել նաև հաստատված հայտերի թվով, իսկ հաճախորդների կողմից վերանայման նպատակով մերժված հայտերի թիվը կրճատվել է 57%: Սա խոսում է այն մասին, որ գնալով ավելի մեծ թվով վարկառուներ են գիտակցում, որ խնդիրների կարգավորումը դրանց առաջացման վաղ փուլերում ֆինանսական առողջացման առավել արդյունավետ մեխանիզմներից մեկն է:
Աղբյուրի համաձայն, 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2016 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից ընթացք է տրվել ֆիզիկական անձանց վարկային պարտքերի վերանայման վերաբերյալ ընդհանուր թվով 241 հայտերի, որոնց 23%-ը բավարարվել է: Հաստատված հայտերի մեկ երրորդի մասով բանկն արդեն բարելավել է հաճախորդների վարկային պատմությունը` վարկային ռիսկի դասը հասցնելով ստանդարտ մակարդակի: Հատկանշական է, որ հայտերի 63% բանկը չի կարողացել բավարարել այն պատճառով, որ հաճախորդները չեն ներկայացրել վերանայման իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
ՎՏԲ-Հայաստան Բանկում հետաքրքիր վիճակագրություն է նկատվում նաև հաշտության համաձայնագրերի գծով, որոնք կնքվում են այն հաճախորդների հետ, ովքեր չեն կարողացել կամ չեն ցանկացել սպասարկել իրենց պարտավորությունները դատարանի կամ ԴԱՀԿ (Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն) փուլում: 2015 թվականի սկզբից մինչև 2016 թվականի ապրիլի 30-ը կնքվել է հաշտության 719 համաձայնագիր, որոնց ընդհանուր գումարը կազմել է 511 մլն. դրամ, ընդ որում ըստ ժամանակացույցի սպասարկվում է դրանց 51% - ը, իսկ կնքված համաձայնագրերի 12% -ի չափով արդեն կան մարված վարկեր:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: