Դեկտեմբերի 15-ին հրապարակվել են «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով՚ ծրագրի առաջին արդյունքները:
Ինչպես մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՙԷկոԼուր՚ ՀԿ ղեկավար Ինգա Զարաֆյանը, ծրագրի շրջանակներում իրականացվել է 87 ՓՀԷԿ մոնիտորինգ հանրապետության 8 մարզում:
ՓՀԷԿ մեծ մասը՝ 32, գտնվում է Սյունիքի մարզում՝ հիմնականում Որոտան, Ողջի և Մեղրի գետերի վրա: Երկրորդ տեղում Վայոց ձորի մարզն է:
Ծրագրի արդյունքներն անմխիթարական են: Զարաֆյանի խոսքով, հայտնաբերվել են գետեր, որոնց վրա ՓՀԷԿ-երը կառուցված են բառացիորեն մեկը մյուսի հետևից: Դրա հետևանքով, ինչպես նշվել է, գետաջրի մինչև 50%-ը վերցվում է խողովակի մեջ: Մասնավորապես՝ նման պատկեր կարելի է տեսնել Եղեգիս և Տանձուտ գետերի վրա: ՙԴա էկոհամակարգի իսկական ոչնչացում է՚,- նշել է փորձագետը:
Մոնիտորինգի ընթացքում հայտնաբերված խնդիրներից մեկը վերաբերում է էկոլոգիական հոսքին: ՙՄոնիտորինգի մեր ներգրավված բոլոր 87 ՀԷԿ-ում տեղադրված չէին ջրի չափիչ սարքեր: Ստացվում է, որ էկոլոգիական հոսքի նկատմամբ վերահսկողությունը գործնականում բացակայում է՚,- ասել է Զարաֆյանը:
Հատկանշական է, որ մի շարք ՓՀԷԿ կառուցելիս օգտագործվել է հնացած կամ էժանագին սարքավորում, ինչը, փորձագետի կարծիքով, չի կարող համապատասխանել վերականգնվող էներգետիկայի զարգացման պահանջներին:
ՙՓՀԷԿ ոլորտում միանշանակ պետք է լուրջ բարեփոխումներ իրականացվեն: Ծրագրի արդյունքների հիման վրա համապատասխան առաջարկներ կներկայացվեն ՀՀ Բնապահպանության նախարարությանը՚,- հայտնել է Զարաֆյանը: