ՙՕրինաց երկիր՚ կուսակցությունը պետք է բացատրի, թե ինչ է ենթադրում` պնդելով քաղաքական նոր իրադրության առաջացման մասին, պետք է հստակություն մտցնի կոալիցիայից դուրս գալու հարցում:
Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը: Նրա խոսքով, դրանից հետո միայն ՀՀԿ-ն գնահատական կտա ՕԵԿ որոշմանը:
Սահակյանը գտնում է, որ նոր կառավարության ձևավորմամբ այսպես թե այնպես կոալիցիայի վերաֆորմատավորման հարց է առաջանում, ըստ որում` նոր կոալիցիայի ձևավորումն ինքնանպատակ չէ ՀՀԿ համար: ՙԿառավարող կուսակցությունն ապացուցել է, որ լիովին կարող է միայնակ իր վրա վերցնել պատասխանատվությունը: ՀՀԿ-ն ինչ-որ մեկին իր կողմը գրավելու խնդիր չի դնում, միաժամանակ մենք միշտ պատրաստ ենք եղել համագործակցել այլ ուժերի հետ՚,- ասել է Սահակյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին ՙՕրինաց Երկիր՚ կուսակցությունը հայտարարել է, որ նպատակահարմար չի գտնում իր հետագա մասնակցությունը իշխող կոալիցիային: Կուսակցության հայտարարության մեջ նշվում է, որ քաղաքական կոալիցիան կարող է լինել կենսունակ, եթե մասնակից քաղաքական ուժերը ունեն որոշումների կայացման վրա եթե ոչ համաչափ, եթե ոչ էական, ապա գոնե որոշակի ազդեցության հնարավորություն: ՕԵԿ-ը փաստում է, որ կոալիցիոն ձևաչափը իրականության մեջ գործել է ոչ արդյունավետ: Կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը կոալիցիայից դուրս գալու վերաբերյալ պաշտոնական հայտարարությունից հետո, հնարավոր է, լքի նաև ԱԱԽ քարտուղարի պաշտոնը: Կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի խոսքով, ՙՕրինաց երկիրը՚ կհամալրի ընդդիմության շարքերը: