Ժամկետային զինծառայող Հրանտ Գրիգորյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել դասակի հրամանատար Վ.Բալայանին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ
Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, Հ.Գրիգորյանի դին հայտնաբերվել է 2016թ.
հունիսի 17-ին՝ ժամը 10:40-ի սահմաններում, N զորամասի զորավարժարանի տարածքում՝
նրան ամրակցված ինքնաձիգով բերանի շրջանում պատճառված հրազենային վնասվածքով։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական
գործողություններ՝ դեպքի հանգամանքները, զինվորի ինքնասպանության պատճառները
պարզելու ուղղությամբ։
Քննությամբ պարզվել է, որ ժամկետային զինծառայողի նկատմամբ դեպքի նախորդող օրը՝
հունիսի 16-ին, ֆիզիկական բռնություն է գործադրել դասակի հրամանատար Վ.Բալայանը։
Բացի այդ, 2016 թվականի հունիսի 17-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, փորձնական
զորավարժության ընթացքում զինծառայող Հրանտ Գրիգորյանը վատ զգալու պատճառով չի
շարունակել զորավարժությունը, ինչի կապակցությամբ Վ.Բալայանը վիրավորել է
զինծառայողին՝ հայհոյելով նրան:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Վ. Բալայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ
քրեական օրենսգրքի 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով (Զինվորական ծառայության
պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին (ենթակային) ծեծելը կամ
նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը) և 360-րդ հոդվածի 2-րդ մասով
(Զինծառայողին վիրավորանք հասցնելը պետի (հրամանատարի) կողմից ստորադասի
(ենթակայի) նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու
կապակցությամբ): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես
խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: