Մոտ ժամանակներս, հնարավոր է, հայ-թուրքական
հաշտեցման արձանագրությունները հանվեն ՀՀ խորհրդարանի օրակարգից, Հայաստան-Սփյուռք
5-րդ համաժողովին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ըստ որում, նա ընդգծել է, որ արձանագրությունները հանվելու են
ոչ այն պատճառով, որ դրանք օգուտ չեն բերել հայ ժողովրդին, և ոչ այն պատճառով, որ
դրանք վնաս են հասցրել Հայաստանի շահերին, այլ որովհետև դրանք կատարել ու
շարունակում են կատարել իրենց առաքելությունը:
Հիշեցնենք, որ 2009 թ. հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի
ԱՆ ղեկավարները ՙԵրկկողմ
հարաբերությունների զարգացման՚ և ՙԵրկու երկրների միջև դիվանագիտական
հարաբերություններ հաստատելու՚ մասին արձանագրություններ են ստորագրել, որոնք պետք
է վավերացվեին երկու երկրների խորհրդարաններում: Սակայն, արդեն 2009 թ. դեկտեմբերի
7-ին Թուրքիան հայ-թուրքական գործընթացը կապել է ղարաբաղյան հակամարտության
կարգավորման հետ` մի շարք նախապայմաններ առաջ քաշելով: 2010 թ. ապրիլի 22-ին ՀՀ
նախագահ Սերժ Սարգսյանն առկախել է վավերացման գործընթացը, քանի որ Թուրքիան,
խախտելով պայմանավորվածությունները, մի շարք նախապայմաններ է առաջադրել:
Միջազգային հանրությունը բարձրաստիճան տարբեր ներկայացուցիչների շուրթերով բազմիցս
մեղադրել է Թուրքիային Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը ձախողելու
մեջ: