«Մենք կողմնակից ենք, որպեսզի ճանաչվի Արցախի Հանրապետության անկախությունը, աշխատում ենք այս ուղղությամբ, բայց կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն առաջին պետությունը չպետք է լինի, որ ճանաչի Արցախի Հանրապետությունը», - «Ազատության» հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը՝ արձագանքելով Հայաստանի կառավարության մայիսի 5-ի նիստի օրակարգում «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծիընդգրկմանը։
Նրա համոզմամբ, դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը կրկին սանձազերծի պատերազմ, երբ արդեն այլընտրանք, պարզապես, չի լինի:
Բաբայանի ասելով, Հայաստանի Հանրապետության հետ միասին Ստեփանակերտն աշխատում է Ղարաբաղի ճանաչման ուղղությամբ, և արդեն, ըստ Բաբայանի, շոշափելի արդյունքներ ունի։ «Միայն 2016 թվականին ԱՄՆ-ի երկու նահանգներ ճանաչել են անկախությունը, և այս հաղթարշավը, կարծում եմ, ապրիլյան այս պատերազմից հետո կստանա նոր որակ», - ասել է Բաբայանը։
Հավելենք, որ մայիսի 5-ի ՀՀ կառավարության նիստի օրակարգում ԼՂՀ ճանաչման վերաբերյալ օրինագծի ներառումը մեծ հակազդեցություն է հարուցել Բաքվում: ԱՀ ԱԳՆ ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը, մասնավորապես, այդ առնչությամբ հայտարարել է, թե Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը կթաղի Մինսկի գործընթացը: «Դրանից հետո ոչ մի իմաստ չի ունենա շարունակել բանակցությունները, և Մինսկի խումբը դրա համար ոչ մի մանդատ չի ունենա: Նման քայլը մարտահրավեր կլինի Մինսկի խմբի համանախագահներին, վիրավորանք` միջազգային հանրությանը և ծայրահեղ կամայականություն: Ուստի միջազգային հանրությունը պետք է համարժեք արձագանքի հայկական կողմի նման սադրիչ գործողություններին», - նշվում է մեկնաբանությունում։
Միևնույն ժամանակ, երեկ պաշտոնական Երևանը հանդես է եկել տարբեր մակարդակների հայտարարություններով այն մասին, որ տվյալ փուլում Հայաստանը մտադիր չէ ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Ինչպես նշել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, Հայաստանը Լեռնային Ղարաբաղը կճանաչի Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտության գոտում լայնածավալ պատերազմ սանձազերծելու դեպքում: Մինչդեռ Զարուհի Փոստանջյանն ավելի վաղ երկու անգամ ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ օրինագծի ընդունում էր նախաձեռնել, սակայն փաստաթուղթը երկու անգամ էլ մերժվել էր խորհրդարանական մեծամասնության կողմից, այն պատճառաբանությամբ, որ նման քայլը կհանգեցնի ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների ձախողման: