«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ՀՀ պետեկամուտների կոմիտեն հրապարակել է այն ընկերությունների ցանկը, որոնց դուրս գրած հաշիվներում արտացոլված գումարն այս տարվա հուլիսի առաջին տասնօրյակում էապես աճել է` անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
«Առաջին անգամ նման ցանկերում հայտնվում է ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի՝ Լֆիկ Սամոյի հետ կապակցված մի ընկերություն՝ «Նատալի ֆարմը»: Ըստ հրապարակված ցանկի, հուլիսի առաջին տասնօրյակում այս ընկերության հարկային հաշիվներում արտացոլված գումարը մոտ 139 միլիոն դրամով գերազանցել է անցած տարվա նույն ցուցանիշը: Ի՞նչ է սա նշանակում, ինչի՞ հաշվին է արձանագրվել այդ աճը, արդյո՞ք սա նշանակում է, որ «Նատալի ֆարմը» նախկինում ստվերում էր գործում, իսկ հիմա ոչ կպարզվի առաջիկայում, եթե ամեն տասնօրյակում ՊԵԿ-ը հրապարակի նույն ընկերության վերաբերյալ նույն տեղեկատվությունը», - նշում է թերթը։
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը
լրագրողների հետ զրույցում նշել էր, թե Ալեքսանյանը խոստացել է աշխատել հարկային
դաշտում` եթե բոլորն այդպես աշխատեն: «Թե նա մինչ այդ ինչ է արել` ինձ չի
հետաքրքրում: Գլխավորն այն է, թե այժմ ինչպես կաշխատեն գործարարները: Ֆինանսների
նախարարությունը հանդիպումներ է անցկացնում գործարարների հետ և փորձում պարզել, թե
ով ինչպես է աշխատում», - հաղորդել էր Աբրահամյանը: Ընդ որում նա հերքել էր այն
պնդումները, որ գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե գործարարների
գոնե 90 տոկոսը պետք է աշխատի հարկային դաշտում: