Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը փոխել է ԼՂ հարցում Հայաստանի համար անընդունելի ձևակերպումը:
Մասնավորապես, ՙՎեհաժողովը քաջատեղյակ է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի և մյուս տարածքների օկուպացիայի մասին՚ ձևակերպումը փոխարինվել է ՙՎեհաժողովը քաջատեղյակ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՚ արտահայտությամբ: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Փոխարենը մոնիտորինգի հանձնաժողովի հաշվետվությունում ներկայացված են Ադրբեջանում ժողովրդավարական գործընթացների հետ կապված բոլոր թերությունները, և ԵԽԽՎ-ն իր մտահոգությունն է հայտնում այդ առնչությամբ:
ԱրմԻնֆո-ի դիվանագիտական աղբյուրների համաձայն, բանաձևից հակահայկական ձևակերպումների հեռացման ուղղությամբ աշխատել են ինչպես ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը, որը քվեարկությունից առաջ ողջ գիշեր բանակցություններ է վարել այլ պատվիրակությունների հետ, այնպես էլ`կազմակերպության անդամ երկրներում ՀՀ դեսպանները:
Զեկույցից հակահայկական ձևակերպումների հեռացումը հարուցել է ադրբեջանական պատվիրակության խիստ դժգոհությունը: