ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը խուսափել է ուղիղ պատասխանից` մեկնաբանելելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի հայտարարությունը և ԱՄՆ դիրքորոշումը:
Նրա ասելով, ԱՄՆ նախագահն ու նրա վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս ընդունել են Օսմանյան կայսրության վերջին օրերին 1.5 մլն հայերի կոտորածի փաստը և իրենց կարեկցանքն են հայտնել:
«Մենք հայտարարել ենք, որ այդ փաստերի լիակատար, անկեղծ և արդարացի ճանաչումը բխում է բոլորի շահերից, այդ թվում՝ Թուրքիայի, Հայաստանի եւ Ամերիկայի», - նշել է Հարֆը, ասվում է Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում:
Նա ընդսմին չի մեկնաբանել Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությունը, նշելով, որ այլևս ավելացնելու ոչինչ չունի: Հարֆը նաև հրաժարվել է մեկնաբանել, թե ինչու ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման չի կատարել 2008 թվականի նախընտրական քարոզարշավի ընթացքում տված իր խոստումը և չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը 20-րդ դարի առաջին ցեղասպանություն էր որակել հայերի զանգվածային սպանություններն Օսմանյան կայսրությունում: Դրանից անմիջապես հետո Անկարայում Վատիկանի դեսպանը կանչվել է ԱԳՆ` բացատրություն տալու, իսկ Վատիկանում Թուրքիայի դեսպանը հետ է կանչվել` խորհրդատվության համար: Հռոմի պապի հայտարարությունը քննադատել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` դրանք համարելով «զառանցանք»: