Վրաստանը Թուրքիայից վտանգ չի ակնկալում: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Վրաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Զուրաբիշվիլին, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Անկարայի և Բաքվի հետ Թբիլիսիի սերտ ռազմական համագործակցությունը դեպի Վրաստան թուրքական էքսպանսիայի սպառնալիք չի ներկայացնում:
«Մենք վտանգ չենք ակնկալում մեր առաջատար գործընկեր Թուրքիայից: Անկարան միշտ պաշտպանել է Թբիլիսիի ձգտումները, այդ թվում` նաև ՆԱՏՕ-ին ինտեգրման հարցում: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա կարող եմ ողջ վստահությամբ ասել, որ Վրաստանը միշտ վարել է զգուշավոր, կշռադատված և հավասարակշռված քաղաքականություն` Լեռնային Ղարաբաղի խնդրի առնչությամբ Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններին չվնասելու համար», - ընդգծել է վրացի քաղաքական գործիչը: Նա նշել է, որ Վրաստանը նման քաղաքականություն է վարում անկախության հռչակումից ի վեր և այսուհետև այն կպահպանի: Զուրաբիշվիլին նաև համաձայն չէ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան տանդեմի առկայության վերաբերյալ պնդումներին:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին Ադրբեջանի Գաբալա քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպում, որի ընթացքում ընդգծվել է սերտ համագործակցության անհրաժեշտությունը: Կողմերը պայմանավորվել են զորավարժությունների անցկացման շուրջ: Վրաստանը պատրաստակամություն է հայտնել 2017 թվականին մի քանի համատեղ զորավարժություն անցկացնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակում: Եռակողմ ձևաչափով առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2007 թվականին` նախագահների և վարչապետի մակարդակով: Այնուհետև 2012 և 2013 թվականներին կայացել են երկրների արտգործնախարրաների և պաշտպանության նախարարների հանդիպումներ:
Լրագրողների այցը Վրաստան կազմակերպել էին Go Group Media-ն և JAMnews մեդիա-պլատֆորմը: