Ազգային անվտանգության ծառայության կողմից այսօր վնասազերծված զինված խմբավորման անդամների կողմից Նորք թաղամասում վարձակալած առանձնատներից մեկում նրանց բնակության ընթացքում որևէ տարօրինակ, կասկած հարուցող գործողություն չի նկատվել: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում պատմել է հարևանությամ բնակվող Նորք թաղամասի բնակչուհի Մանյա Հայրապետյանը:
ՙԵթե նույնիսկ նրանք հարևան տուն զենք կամ էլի ինչ-որ բան են բերել, արել են շատ աննկատ, համենայն դեպս որևէ տարօրինակ բան նրանց վարքագծում չեմ նկատել, իսկ ես ակտիվ մարդ եմ, միշտ շփվում եմ հարևանների հետ՚,- հայտնել է տիկին Մանյան՝ ավելացնելով, որ նոր հարևանները ոչ ոքի հետ չէին շփվում: Նրա խոսքով, նրանք հարևանությամբ տուն են վարձակալել մոտ երեք ամիս առաջ, բայց այդ ընթացքում ոչ ոքի հետ չեն շփվել, ապրել են շատ հանգիստ, և որևէ ուշադրություն չեն գրավել: ՙԲայց ես նկատել եմ, որ այդ ողջ ընթացքում նրանք ոչ մի անգամ հայերեն չեն խոսել: Իսկ իմ պատուհանները նայում են անմիջապես նրանց բակին, ես կարող էի լսել նրանց խոսակցությունները: Հետո ես տեղեկացա, որ նրանք Սիրիայից փախստականներ են՚,- ասել է տիկին Մանյան:
Անդրադառնալով այն լուրերին, որ խմբավորումը կապված է եղել քաղաքական ուժերից մեկի հետ՝ տիկին Մանյան հավաստիացրել է, որ երեք ամսվա ընթացքում չի նկատել, որ հարևաններին որևէ քաղաքական գործիչ հյուր գա:
Ինչ վերաբերում է խմբավորման վնասազերծմանը, նա նշել է, որ Ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցները շատ արհեստավարժ են գործել: ՙՀետո պարզվել է, որ այդ մարդիկ մինչև ատամները զինված են եղել և նույնիսկ փորձել են զենք կիրառել, որպեսզի փախուստի դիմեն, բայց նրանց շատ արհեստավարժ կերպով վնասազերծել են՚,- ասել է հարևանուհին:
Նշենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:
Ինչպես ասված է հաղորդագրության մեջ, 2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը, ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը: Նոյեմբերի 25-ին Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: