Անկախ պատգամավոր Թևան Պողոսյանը ողջունում է «Լուսավոր Հայաստան» հասարակական-քաղաքական նախաձեռնության ստեղծումը, որին անդամագրվելու մտադրություն առայժմ չունի: Այդ մասին նա հայտարարել է ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:
«Ես ողջունում եմ այնպիսի ուժերի ստեղծումը, ինչպիսին է պատգամավոր Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» նախաձեռնությունը և Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը», քանի որ երիտասարդ և լիահույս քաղաքական գործիչները կարող են իրենց դրսևորել: Սակայն առայժմ մտադիր չեմ դրանցից որևէ մեկին անդամագրվել», - նշել է նա:
Սեպտեմբերի 15-ին Էդմոն Մարուքյանը հայտարարել է «Լուսավոր Հայաստան» հասարակական-քաղաքական նախաձեռնության մեկնարկի մասին: Նրա ասելով, առաջիկա շաբաթներին նախաձեռնությունը տեսահոլովակներով կներկայացնի իր գաղափարները, որոնք կդառնան ձևավորվող քաղաքական գաղափարախոսության միջուկը: Նա նաև նշել է, թե նախաձեռնությունը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Իսկ շրջանառվող լուրերի համաձայն, նոր ուժը կունենա ընդգծված արևմտամետ վեկտոր: