Գերմանիայի Բունդեսթագը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ բանաձևի առնչությամբ քվեարկությունը հետաձգել է մինչև ապրիլի 30-ը:
Երկու ժամ տևած քննարկումների ժամանակ, որոնց մասնակցել է նաև կանցլեր Անգելա Մերկելը, Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը, մասնավորապես, հայտարարել է. ՙԳերմանիան մեղքի իր բաժինն ունի Օսմանյան Թուրքիայում 20-րդ դարի սկզբին կատարվածի համար՚: Նա նաև ընդգծել է, որ խաղաղություն չի կարող լինել, քանի դեռ չի վերականգնվել Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների համար արդարությունը: ՙՕրհան Փամուկը և Հրանտ Դինքն արժանի են մեր աջակցությանը՚,- ասել է նա:
Ընդհանուր առմամբ, 9 ելույթ ունեցողներից 7-ն իր ելույթում 20-րդ դարի սկզբի իրադարձությունները որակել է`որպես ՙցեղասպանություն՚:
Բանաձևի նախագծում, մասնավորապես, ասվում է. ՙԱվելի քան մեկ միլիոն հայերի էթնիկ զտումները, կոտորածը, զանգվածային ոչնչացումները Ցեղասպանության վառ օրինակ են՚:
Նշենք, որ նախօրեին 20-րդ դարի սկզբի իրադարձությունները որպես ՙցեղասպանություն՚ է որակել Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը: Անգելա Մերկելը հայտարարել էր, որ դեմ չէ բանաձևում այդ տերմինի օգտագործմանը`նախազգուշացնելով գերմանացի խորհրդարանականներին այդ փաստաթղթի ընդունման դեպքում Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունների հնարավոր վատթարացման մասին: Թուրքական լրատվամիջոցների համաձայն, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում անձամբ խնդրել է Օսմանյան Թուրքիայում 20-րդ դարի սկզբի իրադարձությունների վերաբերյալ Բունդեսթագի բանաձևում չօգտագործել ՙցեղասպանություն՚ բառը: Սակայն, ինչպես հայտարարել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը, թուրքական որևէ զանգ այդ հարցում Բեռլինի դիրքորոշման վրա ազդել չի կարող: