Մայիսի 5-ին Հայաստանի կառավարությունը հերթական նիստում կքննարկի «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել են Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը եւ Հրանտ Բագրատյանը:
Ինչպես նշված է օրինգածի վերաբերյալ կառավարության եզրակացության մեջ, դրա ընդունումը պայմանավորում է Հայաստանի եւ Արցախի միջեւ քննարկումների արդյունքներով, հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաեւ արտաքին գործոնները: Օրինագծի վերաբերյալ իր կարծիքը կներկայացնի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Կառավարության հավանությանն արժանանալու դեպքում օրինագիծը, ըստ սահմանված կարգի, կուղարկվի Ազգային ժողով:
Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանն ավելի վաղ արդեն երկու անգամ համանման փաստաթուղթ է ներկայացրել, որը խորհրդարանում տապալվել էր` կառավարող մեծամասնության դիրքրոոշման առնչությամբ, որը կարծում է, թե Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման դեպքում խնդրի կարգավորման շուրջ խաղաղ բանակցությունները կդադարեն:
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ հանդիպմանը ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում ստեղծված իրավիճակի առնչությամբ հայտարարել էր, որ եթե Բաքուն շարունակի ռազմական գործողությունները, և դրանք վերաճեն լայնածավալ ռազմական գործողությունների, Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: