Ժառանգություն՚ կուսակցությունը հանդես է գալիս կառավարման խորհրդարանական համակարգի օգտին, բայց, չի կարծում, որ այդ խնդիրը հարկավոր է լուծել հենց հիմա, սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի քննարկումների ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՙԺառանգություն՚ խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Ըստ նրա, գործող Սահմանադրությունը խախտում է առաջին հերթին իշխանությունը: ՙՀենց իշխանություններն են խախտում Սահմանադրության 2-րդ հոդվածը, որն ասում է, որ Հայաստանում իշխանությունը ձևավորվում է ժողովրդի կողմից` ազատ, արդար ընտրությունների միջոցով: Անցած ընտրական գործընթացները բազմիցս մեզ ցույց են տվել, որ ազատության և արդարության մասին խոսել չենք կարող: Իշխանություններն, օգտագործելով ֆինանսական, վարչական, ուժային, քրեական ռեսուրսները, ամեն անգամ կեղծել են այդ ընտրությունները`ըստ էության, ֆարսի վերածելով դրանք՚,- հայտարարել է Հակոբյանը:
Երկրորդ խախտումը, պատգամավորի խոսքով, Ազգային ժողովում գործարար պատգամավորների որոշակի քանակությունն է, ինչը հակասում է երկրի Հիմնական օրենքի դրույթներին: Նա գտնում է, որ խախտվում է նաև իշխանության երեք ճյուղերի միջև`Սահմանադրությամբ ամրագրված հավասարակշռությունը. այսօր բոլոր այդ ճյուղերը վերահսկվում են նախագահի կողմից:
Հակոբյանի խոսքով, ՙԺառանգությունը՚ պատրաստ է մասնակցել սահմանադրական բարեփոխումներին միայն հետևյալ պայմանների դեպքում`եթե իշխանությունները քննարկեն և ընդունեն Ընտրական օրենսգրքում ավելի վաղ ՙԺառանգության՚ և ՀՅԴ-ի առաջարկած փոփոխությունները; եթե իշխանություններն ընդունեն ընդդիմությանը վերահսկողական գործառույթներ տրամադրելու վերաբերյալ օրենք; եթե Սահմանադրությունում փոփոխություններ կատարելուց անմիջապես հետո համապետական ընտրություններ նշանակվեն: