Հայաստանի սահմանադրական հանրաքվեի վերաբրյալ ԵԱՀԿ/ԺԻՄԻԳ եզրակացությունն այն բանի ապացույց է, որ միջազգային կառույցները Հայաստանի իշխանություններին չեն վստահում: Փետրվարի 10-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնլ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
«Դա ահազանգ է այն մասին, որ եվրոպական կառույցները փորձում են համագործակցել հայկական կողմի հետ, սակայն իշխանություններին չեն վստահում», - նշել է նա: Ընդ որում խմբակցության ղեկավարը նշել է, որ «Ժառանգությունը» մտադիր չէ մանսակցել նոր Ընտրական օրենսգրքի մշակմանը: «Մենք մեր առաջարկությունները ներկայացրել ենք, եթե իշխանությունները մտադիր են իրական բարեփոխումներ իրականացնել, ապա կարող են դրանք հաշվի առնել», - նշել է պատգամավորը:
Հայաստանի սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ԺԻՄԻԳ եզրակացությունում, մասնավորապես, ասվում է. «Հանրաքվեի կազմակերպումը արտացոլում է ԵԱՀԿ/ԺԻՄԻԳ հանձնարարականների կատարման բացակայությունը, որոնք ներկայացվել էին նախորդ երեք տարվա ընթացքում և առնչվում էին Հայաստանում ընտրական գործընթացների նկատմամբ հասարակական վստահության բարձրացմանը, այդ թվում` ընտրացուցակների հստակեցմանը, նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչական ռեսուրսի օգտագործման կանխարգելմանը, բողոքների ուսումնասիրման և ընտրախախտումների համար պատասխանատվության ենթարկելու արդյունավետ մեխանիզմների ստեղծմանը»: Ընդ որում փորձագետները նշում են, որ չնայած ընտրացուցակներում հստակություն մտցնելու Հայաստանի ոստիկանության փորձերին, շահագրգիռ կողմերն, այնուամենայնիվ, հրապարակել են ընտրացուցակներում անճշտությունների, այդ թվում` ցուցակներում մահացած մարդկանց անունների առկայության, մեկ հասցեում բազմաթիվ մարդկանց գրանցման վերաբերյալ հաղորդագրություններ: «Հատկապես մտահոգություն է հարուցում այն փաստը, որ ընտրացուցակներում մեծ թիվ են կազմել այն մարդկանց անունները, ովքեր արդեն երկար տարիներ բնակվում են արտասահմանում և քվեարկության իրավուքն ունեն միայն հանրաքվեին ֆիզիկական ներկայության դեպքում», - նշել են ԵԱՀԿ/ԺԻՄԻԳ փորձագետները: Եզրակացությունում նաև նշվում է, որ պետական պաշտոնյաների կողմից մոբիլիզացվել են մեծ ռեսուրսներ վարչական լծակներն օգտագործելու համար: Միևնույն ժամանակ զեկույցում նշվում է, որ Հայաստանի լրատվական դաշտը համարվում է քաղաքականացված: «Մտահոգություն է հարուցում նաև իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս լրագրողների անվտանգության հարցը», - նշում են փորձագետները: Ընտրատեղամասերում, որտեղ ԵԱՀԿ/ԺԻՄԻԳ ներկայացուցիչները հետևել են ձայների հաշվարկին, արձանագրվել են լուրջ խախտումներ. բարեփոխումների կողմնակից վստահված անձանց միջամտություն ընտրական գործընթացին, խոչընդոտների հարուցում և ահաբեկում, որոնք, գործնականում, հանգեցնում են քվեարկության արդյունքների փոփոխության: Ավելին, ընդդիմադիր ուժերի ԶԼՄ-ների ներկայացուցիչները հաղորդել են հանրաքվեի ընթացքում բազմաթիվ խախտումների մասին, այդ թվում` կաշառք բաժանելու, քաղաքացիներին ահաբեկելու, ձայների հաշվարկի ընթացքում կեղծարարության մասին:
Հիշեցնենք, որ ԿԸՀ վերջնական տվյալների համաձայն, 2015 թվականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեի քվեարկությանը մասնակցել է ձայնի իրավունք ունեցող 2 566 998 քաղաքացիների 50.74%-ը: Բարեփոխումների օգտին քվեարկել է մասնակիցների 63,37%-ը, դեմ` 32,36%-ը: Մինչդեռ ընդդիմությունը սահմանադրական հանրաքվեի արդյունքները համարում է կեղծված: Խախտումների առնչությամբ հարուցվել է մի քանի տսնյակ քրեական գործ: