ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի անդամ Լորետա Սանչեսը կոչ է արել հետաքննել ապրիլի 2-ին ԼՂՀ ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ժամանակ մարդու իրավունքների կոպիտ խախտման վերաբերյալ տեղեկությունները: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ Հայ դատի գրասենյակը:
Նրա ասելով, հիմնվելով հավաստի պնդումների վրա, Ադրբեջանը, որն ամեն տարի ԱՄՆ-ից միլիոնավոր դոլարներ է ստանում որպես ռազմական օգնություն, ապրիլի սկզբին կոպտորեն խախտել է մարդու իրավունքները ԼՂՀ ժողովրդի նկատմամբ: ԶՈՒ հարցի շուրջ իր ելույթում նա նշել է, որ ուսումնասիրել է բոլոր հաղորդումներն այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը կոպտորեն խախտել են մարդու իրավունքները: Սանչեսը ԱՄՆ պաշտպանական գերատեսչության քարտուղարին և պետքարտուղարին կոչ է արել անցկացնել ղարաբաղյան հակամարտության գոտում մարդու իրավունքների խախտման դեպքերի համատեղ հետաքննություն: «Ես կարծում եմ, որ ԱՄՆ պետք է հետաքննություն անցկացնի Ադրբեջանի բանակի կողմից Լիհի օրենքի խախտման առնչությամբ: ԱՄՆ չի կարող սատարել այն զինված ուժերին, որոնք խախտում են մարդու իրավունքները», - ընդգծել է Սանչեսը:
Իր ելույթում նա Ադրբեջանին քննադատել է նաև սեփական երկրում մարդու իրավունքների խախտման համար: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի անդամն ընդգծել է այն փաստը, որ նախագահ Ալիևը ներում է շնորհել և փառքի արժանացրել մարդասպան Ռամիլ Սաֆարովին: