Հունվարի 27-ին ՀՀ
էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հանդիպել է «Նաիրիտ» գործարանի ներկայացուցիչների հետ՝ նրանց խնդիրները մեկ անգամ ևս քննարկելու
նպատակով: Հանդիպման ընթացքում նախարար
Երվանդ Զախարյանը կրկին տեղեկացրել է, որ
աշխատավարձի գծով պարտքի մարման խնդիրը
հնարավոր կլինի լուծել «Նաիրիտի» գույքի
այն մասի օտարման արդյունքում, որը հետագա գործարկման ընթացքում գործարանին
այլևս պետք չի գա։
Նախարարը նաիրիտցիներին խոստացել է նաև փետրվարի
2-ին գործարանում հանդիպել նրանց հետ ու
ներկայացնել նրանց հուզող խնդիրների՝ աշխատավարձերի վճարման, պարտքի մարման
ու «Նաիրիտի» հետագա գործարկման վերաբերյալ այդ պահի դրությամբ եղած
տեղեկատվությունը:
Նշենք, որ 2015 թվականի փետրվարի 6-ից «Նաիրիտ»
կաուչուկի գործարանում աշխատանքից կազատվի 1700 հոգի, իսկ աշխատողների ընդհանուր
թիվը կրճատվի` մինչև 400-500 մարդու: Հունվարի 16-ին գործարանի աշխատակիցները
կոլեկտիվի 17 ներկայացուցչների ստորագրությամբ տարածել էին ՀՀ նախագահին ուղղված
բաց նամակ, որտեղ նշել էին, որ հասկանում են ազատումների անհրաժեշտությունը, բայց
չեն կարող հաշտվել, որ իրենց չի վճարվում աշխատավարձի գծով գոյացած 18 ամիսների
պարտքը, ինչը հանդիսանում է հանրապետության աշխատանքային օրենսդրության խախտում:
Հարկ է նշել, որ 2010 թվականի ապրիլից գործարանը չի
աշխատում: Գործարանի բաժնետոմսերը գրավադրված են Մեժգոսբանկից ստացված 70
մլն.դոլար վարկի դիմաց, որը տրամադրվել է 2006 թվականին, 5 տարի մարման ժամկետով,
մինչև 2011-ի դեկտեմբերը, 12.5% տարեկանտոկոսադրույքով: 2006 թվականին գործարանի
բաժնետոմսերի 89.99% վաճառվել էր բրիտանական Rhainoville Property Limited ընկերությանը: Իսկ գործարանի բաժնետոմսերի մնացած մասը
պականում են` Հ կառավարությանը - 4,496%, «ՀայՌուսգազարդին» (Գազպրոմ-Արմենիա)
- 3,596%, և «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ - 1,907%:
Քանի
որ գործարանի բաժնետոմսերի 90% հանդիսանում է մասնավոր սեփականություն, ապա
անհասկանալի է դառնում, թե ո՞ր ակտիվների վաճառքի մասին է խոսել նախարարը և ինչի՞
հիման վրա: