Սեպտեմբերի 1-ին Հայաստանում դպրոց կգնա շուրջ 40 հազար առաջինդասարանցի: 2014 թվականին այդ ցուցանիշը կազմել է շուրջ 38 հազար: Օգոստոսի 31-ին մամուլի ասուլիսում այդ մասին հաղորդել է ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրել է, որ, ինչպես և նախորդ տարիներին, տարրական դասարանների բոլոր դասագրքերն աշակերտներին կտրվեն անվճար: Նախորդ տարվա նորամուծություններից մեկը ազգային երգ ու պարի դասավանդման փորձնական ծրագրի իրագործումն էր 13 դպրոցներում: Այս տարի այդ առարկան կդասավանդվի ևս 100 դպրոցներում:
Բացի այդ, Վայոց ձորի մարզում կմեկնարկի «Մեկ աշակերտ` մեկ համակարգիչ» փորձնական ծրագիրը, որի շրջանակում առաջինդասարանցիներին կտրամադրվեն անվճար ArmTab պլանշետներ:
Ավելացնենք, որ սեպտեմբերի 1-ին Հայաստանի դպրոցները դռները կբացեն, ընդհանուր առմամբ, 400 հազար աշակերտների համար: