ՊՊԾ գնդի զավթված շենքում ՙՍասնա ծռեր՚ խմբավորման մոտ գտնվող բժիշկները հոգնել են, գտնվում են լարված վիճակում և ցանկանում են տուն վերադառնալ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՙՇտապօգնություն՚ ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը՝ ավելացնելով, որ հենց նոր կրկին զրուցել է նրանց հետ:
Նա հայտնել է, որ չնայած երեկ ցերեկը նրանց սնունդ է ուղարկվել՝ նրանք կրկին սննդի և նոր հագուստի կարիք ունեն: ՙԱյժմ մենք քննարկում ենք նրանց անհրաժեշտ մթերքներ և իրեր հասցնելու հարցը՚,- նշել է նա: Ի պատասխան այն հարցին, թե ինչ քանակով սնունդ են իրենք ուղարկում ՊՊԾ գնդի շենք՝ Ստեփանյանը պատասխանել է. ՙԱյնքան, որքան կբավականացնի մեր բժիշկներին՚:
Ստեփանյանն ուղղակի պատասխան չի տվել այն հարցին, թե ՙՍասնա ծռերի՚ անդամները ինչպես են վարվում բժիշկների հետ, արդյոք նրանց նկատմամբ բռնություն է գործադրվում: Նա միայն պատասխանել է. ՙԵթե սահմանափակում են մարդու ազատ տեղաշարժի իրավունքը, դա արդեն բռնություն է՚:
Անդրադառնալով ՙՍասնա ծռերի՚ երկու վիրավոր անդամների առողջական վիճակին, ովքեր գտնվում են ՊՊԾ գնդի տարածքում՝ Ստեփանյանը հավաստիացրել է, որ երկուսի վիճակն էլ բավարար է: ՙԽմբավորման անդամները մոլորության մեջ են գցել մեզ՝ ասելով, թե նրանց վիճակը ծանր է, և նրանք շտապ բուժօգնության կարիք ունեն: Նրանց վնասվածքներն ամենևին ծանր չեն, և նրանց վիճակը գնահատվում է բավարար՚,- հավաստիացրել է Ստեփանյանը:
Մինչդեռ ՀՀ Առողջապահության նախարարությունը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով և նախազգուշացումներով այն մասին, որ ՙՍասնա ծռերի՚ վիրավոր անդամներից մեկի առողջական վիճակը, ով վիրավորվել էր դեռ հուլիսի 17-ին՝ ՊՊԾ գնդի շենքը գրավելու ժամանակ, ծանր է, նա ստացիոնար բուժման կարիք ունի, և ՊՊԾ գնդի տարածքում նրա հետագա գտնվելը միայն կվատթարացնի իրավիճակը:
Նշենք, որ իրենց մասնագիտական պարտքը կատարելու նպատակով ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Շտապօգնությունե ՓԲԸ բուժաշխատողների` երկու բժշկի` Նորայր Թևանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին, բուժքույր Մալինա Մարգարյանին զինյալ խմբի անդամները պատանդ էին վերցրել: Այնուհետև բրիգադի բուժակ Դավիթ Տոնոյանն ազատ էր արձակվել: