Մեղրիի սահմանապահ ջոկատի աշխատակիցները ձերբակալել են սահմանախախտի, որը փորձել է ապօրինաբար թմրանյութեր անցկացնել Հայաստան:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, «Ագարակ» անցակետում (Սյունիքի մարզ) սահմանային ստուգման ընթացքում 1959 թվականին ծնված Իրանի քաղաքացին խիստ անհանգստության նշաններ է դրսևորել:
«Այդ կապակցությամբ սահմանապահները որոշել են նրա ավտոմեքենան ստուգել ծառայողական շան օգնությամբ: Զննության ընթացքում ավտոմեքենայի սրահում անցակետի աշխատակիցները հայտնաբերել են պոլիէթիլենե փաթեթ՝ բաց կանաչավուն նյութով, որը, ենթադրաբար, բուսական ծագման «մարիխուանա» թմրանյութ Է: Գործող օրենսդրությանը համապատասխան, ձերբակալվածը հանձնվել է ՀՀ մաքսային կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի բաժնի աշխատակիցներին՝ հետագա քննության համար:
Տարեսկզբից ի վեր Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ վարչության աշխատակիցները «Ագարակ» անցակետում կանխել են 250 գրամ ընդհանուր քաշով թմրանյութերի ներկրումը Հայաստան: