Ոչ մի բանակցության մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը, շարունակվում են ինտենսիվ գնդակոծությունները: Այդ մասին հայտարարել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` կառավարող ՀՀԿ գործադիր մարնի նիստից հետո:
Նրա ասելով, ՀՀԿ ԳՄ նիստում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում: Նա ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է երեք կարևոր քայլ, մասնավորապես, վստահության մեխանիզմների ներդրում, հասցեական հայտարարություններ և երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ահաբեկչական գործողությունների:
ԱԺ փոխխոսնակը նաև համոզմունք է հայտնել, որ առայժմ վաղ է խոսել բանակցային գործընթացի վերսկսման մասին, քանի որ մարտական գործողությունները դեռ շարունակվում են, և Ադրբեջանը խախտում է ինչպես 1994-1995թթ. մարտական գործողությունների դադարեցման շուրջ համաձայնագրերը, այնպես էլ ապրիլի 5-ին Մոսկվայում մարտական գործողությունների դադարեցման շուրջ պայմանավորվածությունը:
Շարմազանովն ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը: Նրա համոզմամբ, հակամարտությունը պետք է կարգավորվի` հաշվի առնելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
«Առանց Ստեփանակերտի մասնակցության ոչ ոք չի կարող կարգավորել հակամարտությունը: Ղարաբաղի ժողովուրդն սկսել է պայքար հանուն անկախության, և Հայաստանը կսատարի նրա արդար պահանջը` ուզեն դա Թուրքիան և Ադրբեջանը, թե` ոչ», - ընդգծել է ԱԺ փոխխոսնակը: