ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կատարածը ոչ մեկս չենք մոռանում: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ մեկնաբանելով ԼՂՀ ազգային հերոսի վերադարձը Հայաստան և նրա հայտարարությունը, որ ՙվերադարձել է հատուկ առաքելությամբ՚:
Նախարարի խոսքով, Սամվել Բաբայանի հետ չի հանդիպել, սակայն նրա ունակությունների մասին տեղյակ է: ՙՆրա կատարածը ոչ մեկս չենք մոռանում՚,- հայտարարել է նախարարը՝ ընդգծելով, որ որպես անհատ, անձավորություն, ով ուզում է իր ներդրումն ունենալ արցախյան հատվածում, դա իր խնդիրն է, իր իրավունքը: ՙՄեզանից ոչ մեկը, առավել ևս ես, չենք կարող նրան խոչընդոտել՚,-նշել է Օհանյանը:
Մեկնաբանելով տեղեկությունը, թե իշխանությունները փակել են Բաբայանի պարտքերը՝ նախարարը նշել է, որ ՙնման հարցերի կարող են պատասխանել նրանք, ովքեր դրանով զբաղվել են՚: Նախօրեին իր հարցազրույցում Սամվել Բաբայանը, մասնավորապես, հայտարարել էր. ՙ2011 թվականին Ղարաբաղի հարցով Կազանում հանդիպումից հետո Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները բոլորովին տարբեր հետևություններ արեցին: Մինչ այդ Ադրբեջանն արդեն սկսել էր արդիականացնել իր բանակը իսրայելական զինատեսակներ գնելով, իսկ 2011–ից հետո է՛լ ավելի մեծ քայլեր արեց այդ ուղղությամբ, այդ թվում՝ Ռուսաստանի հետ զենքի ու զինտեխնիկայի մատակարարման միջոցով։ Կազանից հետո հայկական կողմը ճիշտ հակառակ հետևությունն արեց՝ համարելով, որ բանակցություններում Հայաստանն ասաց «այո», և Ադրբեջանը մնաց միայնակ, և ուրեմն, ռիսկ չի անի պատերազմական գործողություններ վերսկսել։ Այդ ժամանակ Հայաստանի քաղաքական իշխանությունը որոշում կայացրեց ուշադրությունն ավելի շատ կենտրոնացնել այլ խնդիրների վրա»։
Սամվել Բաբայանը հայտարարել է, որ մի քանի օրից կգնա Ղարաբաղ, քանզի իր վերադարձի գլխավոր առաքելությունը տեսնում է հենց այնտեղ, իսկ մնացածը ժողովրդի որոշելիքն է։ Նա նաև նշել է, որ մտադիր չէ միանալ որևէ քաղաքական ուժի, սակայն տեսնում է նոր մենթալիտետով մարդկանց, ովքեր ի զորու են լրջորեն ազդել քաղաքական գործընթացների վրա, և ինքը հուսով է, որ նրանք հաջողության կհասնեն:
Հիշեցնենք, որ գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը 1992 թվականից համակարգել է ԼՂՀ պաշտպանական շրջանների մարտական գործողությունները, մասնակցել է Շուշիի ազատագրման գործողության ծրագրի մշակմանը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ միջազգային բանակցություններին, մասնավորապես, 1994 թվականին ԼՂՀ անունից Հայաստանի և Ադրբեջանի հետ ստորագրել է հրադադարի շուրջ եռակողմ համաձայնագիրը: 2001 թվականին մեղադրվել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կազմակերպելու համար և դատապարտվել է 15 տարի ազատազրկման, սակայն 2010 թվականի սեպտեմբերին նրան ներում է շնորհվել: Այնուհետև Սամվել Բաբայանը Հայաստանում հիմնել է «Դաշինք» կուսակցություն, որը, սակայն, երկրի քաղաքական դաշտում հաջողություն չի ունեցել: Ավելի ուշ ֆինանսական լուրջ խնդիրների առնչությամբ Բաբայանն ստիպված հեռացել է Հայաստանից, երկար ժամանակ ապրել է Ռուսաստանում և օրերս է վերադարձել Հայաստան: