ՙՍասնա ծռերի՚ նախադեպի առկայությունը կարող է հանգեցնել իշխանության հետ արմատականության լեզվով խոսակցությունների նոր փորձերի և, առնվազն, հայ հասարակությունում արմատական դիսկուրսի ծավալման: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
ՙԻհարկե, չեմ կարծում, որ ոստիկանական մեկ տեղամասի զավթումը կարող է իրական վտանգ ներկայացնել իշխանություների համար: Սակայն, Հայաստանում, որպես նախադեպ, նման խիստ վտանգավոր քաղաքական բռնության դրսևորումը, մարդկանց ի հայտ գալը, ովքեր պատրաստ են զենքը ձեռքին քաղաքական խնդիրներ լուծել, անմխիթար հեռանկարների մասին է վկայում: Եվ նույնիսկ այն, որ այդ տղաները վաղ թե ուշ բանտում կհայտնվեն, էլ ավելի անկայուն է դարձնում իրավիճակը՚,- նշել է քաղաքագետը:
Հայաստանում նման արմատական գործընթացների պատճառներն Իսկանդարյանը հակված է բացատրելու ոչ միայն ՙՍասնա ծռեր՚ խմբավորման և ՙՀիմնադիր խորհրդարանի՚ անդամների հայացքներով և դժգոհությամբ: Նրա կարծիքով, գոյություն ունեն ավելի խորքային գործոններ՝ սոցիալական իրավիճակից, քաղաքականությունից, քաղաքական գործիչներից, ընդհանուր առմամբ քաղաքական համակարգից դժգոհության տեսքով:
ՙՏարբերությունն այն է, որ նախկինում այդ դժգոհության մասին խոսվում էր տանը, խոհանոցում, սրճարանում, հանրահավաքների և ցույցերի ժամանակ, իսկ հիմա սկսեց դրսևորվել նաև բռնության տեսքով: Կարծում եմ՝ դա չի կարող չանդրադառնալ Հայաստանի ներքաղաքական դիսկուրսի վրա: Թե ինչպես այդ ամենը կդրսևորվի՝ ժամանակը ցույց կտա՚,-ամփոփել է Իսկանդարյանը: