Ժամանակն է, որ միջազգային հանրությունը, հստակ միջոցներ ձեռնարկելով, կարգի հրավիրի Բաքվին և վերադարձնի կառուցողական դաշտ: Այդ մասին ապրիլի 27-ին խորհրդարանոմ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նրա խոսքով, ստեղծված պայմաններում անհնար է շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները, դրա համար պետք է պայմաններ ստեղծվեն, առաջին հերթին պետք է վերացվեն ապրիլի սկզբին ադրբեջանական ագրեսիայի հետևանքները, ինչպես նաև միջոցներ ձեռնարկվեն հետագայում նման դեպքերի կրկնությունը բացառելու համար՚,- նշել է Նալբանդյանը՝ ընդգծելով, որ Բաքվի հավաստումները, թե հայկական կողմը դուրս է գալիս բանակցություններից, չեն համապատասխանում իրականությանը: ՙՄենք միշտ հանդես ենք եկել բանակցությունների ճանապարհով հակամարտության կարգավորման օգտին՚,- հայտարարել է Նալբանդյանը:
Նա նաև հերքել է Բաքվի կողմից շրջանառվող լուրերը, թե Լավրովը Հայաստան էր եկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հստակ ծրագրով: Նալբանդյանն անընդունելի է համարել նաև 1994 թ. հրադադարի վերաբերյալ պայմանագիրը կասկածի տակ դնելու Բաքվի փորձերը: ՙԱյդ պայմանագիրն անժամկետ է, և այն պետք է շարունակի գործել. այդպիսին է թե՛ միջազգային հանրության, թե՛ Մինսկի միջնորդների դիրքորոշումը՚,- հայտարարել է Նալբանդյանը:
Նա նաև նշել է, որ Բաքուն մշտապես փորձում է հեռանալ պատասխանատվությունից՝ ձևացնելով, թե ինքը չի ագրեսիան սկսել, որ տեղյակ չէ զոհերի քանակի մասին, որ չի լսել սահմանային միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրման անհրաժեշտության վերաբերյալ միջնորդների կոչերը:
ՙԲայց տեղեկություն չունենալը չի ազատում պատասխանատվությունից՚,- ասել է նախարարը: