Եթե Արցախը վտանգի մեջ լինի, պայքարելու ենք ամեն մի թիզ հողի համար, այսօր լրագրողներին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը`մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար տարածքային զիջումների հնարավորության վերաբերյալ հարցը:
Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտության լուծումը փոխըմբռնման պայմանների ստեղծումը կլինի, ինչի համար էլ բանակցություններ են տարվում: ՙՍակայն, եթե զգանք, որ Արցախին վտանգ է սպառնում, պայքարելու ենք ամեն մի թիզ հողի համար՚,- հայտարարել է նա: Ըստ որում, նախարարը չի ցանկացել մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ, Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի հայտարարությունն Արցախի կարգավիճակի անորոշության վերաբերյալ:
ՙՆրա խոսքում նշվել է, որ ինքը ցանկանում է, որպեսզի այդ տարածքները լինեն հայկական՚,- ընդգծել է նախարարը:
Նշենք, որ պատասխանելով այն հարցին, թե ինչու Ղրիմն ընդգրկվել է Եվրասիական տնտեսական համագործակցության կազմում` Ռուսաստանի հետ միասին, իսկ Լեռնային Ղարաբաղը զրկված է Հայաստանի հետ այդ կազմակերպությանն անդամակցելու իրավունքից, Ռիժկովը, մասնավորապես, նշել էր. ՙՆախ, անհրաժեշտ է կողմնորոշվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում: Իսկ Ղրիմը բուն ռուսական տարածք է, որը հանձնվել էր Ուկրաինային Խրուշչովի որոշմամբ, իսկ այժմ կրկին վերամիավորվել է հայրենիքի հետ՚: