ՎիվաՍել-ՄՏՍ-ը ՀՀ Կենտրոնական բանկի՝ Դիլիջանում գտնվող հյուրատանը սկսել է մատակարարել լայնաշերտ ինտերնետի, IP հեռախոսակապի և IP հեռուստատեսության ծառայություններ, ինչի շնորհիվ այցելուները կարող են օգտվել օպտիկամանրաթելային ապահով և հուսալի ուղիներով մատուցվող IP-ի հիման վրա գործող ծառայությունների փաթեթից:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, նոր սերնդի IP հաղորդակցության ծառայությունների մատուցումը Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի երկարաժամկետ բիզնես ռազմավարության մաս է կազմում՝ միտված շուկայի դիվերսիֆիկացմանը: Այս լուծումն իր հերթին պայմանավորված է տեղեկատվական մեկ ընդհանուր միջավայրում ստացիոնար ու շարժական սարքերը, ինչպես նաև հեռուստատեսությունը կոնվերգենտ լուծումների միջոցով միավորելու աճող միտումներով:
Նշենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: «Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: