Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումն ընդհանուր առմամբ կարելի է գոհացուցիչ անվանել՝ ինչպես ղարաբաղյան թեմատիկայի, այնպես էլ հայ-ռուսական հարաբերությունների առումով, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո, որի ժամանակ Սերժ Սարգսյանը ներկայացրել է պետերբուրգյան հանդիպման արդյունքները, այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա, մասնավորապես, գոհացուցիչ է համարել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի ընդլայնման շուրջ ձեռբերված պայմանավորվածությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղության պահպանմանը: Նրա խոսքով, տարածաշրջանում խաղաղության պահպանմանը կնպաստի նաև Հռոմի պապի Հայաստան այցը: ՙԸնդհանուր առմամբ նկատվում են դրական միտումներ՚,- հայտարարել է փոխխոսնակը՝ ընդգծելով, որ հայկական կողմը ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է՝ երեք սկզբունքների հիման վրա, որի առանցքը պետք է լինի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը:
Նրա խոսքով, բավական արդյունավետ էր նաև Սարգսյան-Պուտին հանդիպումը՝ հայ-ռուսական համագործակցության շուրջ պայմանավորվածությունների առումով:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի Արցախ այցին՝ Շարմազանովը տեղեկացրել է, որ այն առաջնագծում իրավիճակին ծանոթանալու նպատակ է հետապնդել: