Ադրբեջանցիների
կողմից գերեվարված և սպանված ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան գործով առկա
փաստերը հիմք են տալիս երթադրելու, որ նրան կարող էին առևանգած լինել Հայաստանի
տարածքից: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի
քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
«Պետրոսյանի գերեվարման և մահվան հանգամանքները պարզելու
համար քննությունը շարունակվում է: Այն առավոտյան, երբ նրան առևանգել են,
Պետրոսյանն ավանակ հեծած ուղևորվել է Ադրբեջանին սահմանակից տարածք` փայտ
հավաքելու: Սահմանի այդ մասն ականապատ է, ուստի անցնել կարող էր միայն տեղանքին
քաջ ծանոթ մարդը: Բացի այդ, Պետրոսյանը չէր կարող անվնաս և աննկատ հատել սահմանը,
քանի որ ադրբեջանցի դիպուկահարները կրակ կբացեին», - նշել է Տռուզյանը: Նա նաև
հաղորդել է, որ ավանակը հայտնաբերվել է Հայաստանի տարածքում: Հաշվի առնելով այդ
փաստերը` Քննչական կոմիտեն մշակել է աշխատանքային վարկած, որի համաձայն,
ադրբեջանական կողմից գյուղացուն նկատել են և առևանգել:
Քննչական կոմիտեի մամուլի քարտուղարը կարծում է, որ վաղ
է հստակ եզրակացություններ անել Պետրոսյանի սպանության փաստի վերաբերյալ: Նա միայն
նշել է որ, ելնելով տեսանյութեիրց, կարելի է
նշել, որ Հայաստանի քաղաքացու նկատմամբ բռնություն է գործադրվել: «Եթե
Պետրոսյանը մահացել է սեփական մահով, այլ ոչ թե սպանվել է, ապա ադրբեջանական կողմը
չպետք է խոչընդոտի նրա դին Հայաստան վերադարձնելուն», - նշել է նա:
Հիշեցնենք,
որ Բաքվի պաշտոնական վարկածի համաձայն, Կարեն Պետրոսյանը մահացել է սուրս
սրտանոթային անբավարարությունից: Սակայն հայկական կողմը հակված է կարծել, որ
երիտասարդը մահացել է խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի հետևանքով: Ոչ
պաշտոնական վարկածի համաձայն, Պետրոսյանը սահմանը հատել է անսթափ վիճակում: Կարմիր
խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Պետրոսյանի դիակը
վերադարձնելու շուրջ: