ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը զգոշացրել է, որ վերջին շրջանում հայտնաբերվել են կեղծ ԱՊՊԱ վկայագրերի վաճառքների դեպքեր, հետևաբար, ընկերությունը բոլորին խնդրում է պահպանել անվտանգության տարրական միջոցները, որոնք թույլ կտան խուսափել խարդախություններից: Հայտարարության մեջ նշվում է, որ ՀՀ Ճանապարհային ոստիկանության՝ ապրիլի 20-ից ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար տուգանքներ կիրառելու վերաբերյալ վերջին հայտարարության համատեքստում (http://www.police.am/news/view/%D5%BF7.html) ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը հորդորում է բոլոր ավտոսեփականատերերին մինչև ապրիլի 19-ը ձեռք բերել ԱՊՊԱ վկայագրեր:
Ավելացել են անօրինական ճանապարհով ձեռք բերված բազաներով զանգահարելու և զեղչով ԱՊՊԱ պայմանագրեր վաճառելու փորձերը: ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը հիշեցնում է, որ ԱՊՊԱ օրենքով արգելված է տրամադրել զեղչեր՝ բացառությամբ անվթար վարելու համար նախատեսված բոնուսների:
Խնդրում ենք բոլոր հաճախորդներին հաշվի առնել, որ կեզծ ԱՊՊԱ վկայագրերը չեն գրանցվում էլեկտրոնային համակարգում, որի հիման վրա Ճանապարհային ոստիկանությունը կիրառում է տուգանքներ: Հետևաբար, ձեռք բերելով ԱՊՊԱ վկայագիրն ընդամենը 2-3 հազար դրամ զեղչով, ավտոսեփականատերերը դիմում են տուգանք ստանալու ռիսկի, եթե պարզվի, որ վկայագիրը կեղծ է: Հիշեցնում ենք, որ ԱՊՊԱ վկայագիր չունենալու դեպքում յուրաքանչյուր 10 օրվա համար նշանակվում է 5,000 դրամ տուգանք, իսկ առանց ԱՊՊԱ պայմանագրի ավտոմեքենան վարելու համար՝ 100,000 դրամ:
Կո՛չ ենք անում ավտոսեփականատերերին պատասխանատվությամբ մոտենալ ԱՊՊԱ պայմանագրերի ձեռքբերման հարցին և պարտադիր հանգամանորեն ստուգել աղբյուրը, նշում է ընկերությունը:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն ունի մասնաճյուղերի լայն ցանց՝ 47 վաճառքի գրասենյակներ Հայաստանի ամբողջ տարածքում, որոնք հանդիսանում են վկայագրերի ձեռքբերման ամենահուսալի աղբյուրը: Սեփական գրասենյակների ամբողջական ցանկը ներկայացված է Ընկերության կորպորատիվ կայքում՝ www.RGS.am: Վկայագրերի պատվիրումը կայքի միջոցով կամ ընկերության հեռախոսահամարներով նույնպես բացարձակապես անվտանգ է:
«Եթե ձեռք եք բերում ԱՊՊԱ պայմանագիր գործակալներից, ապա օգտվե՛ք ծանոթ գործակալների ծառայություններից: Անծանոթ անձից վկայագիր ձեռք բերելու դեպքում անհրաժեշտ է լինել խիստ զգույշ: Տեղեկացնում ենք, որ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության բոլոր ապահովագրական գործակալները գրանցված են ՀՀ Կենտրոնական Բանկում և ունեն հաշվառման վկայական: Պետք է անպայման ստուգել նման անձանց մոտ վերոհիշյալ փաստաթղթի առկայությունը: Եթե ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության գործակալ ներկայացող անձը չի ներկայացնում ԿԲ վկայական, ապա Ընկերությունը չի երաշխավորում նման գործակալից ձեռք բերված վկայագրի վավերականությունը»,-ասված է ընկերության հայտարարության մեջ:
Նշենք, որ ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2008 թ. մայիսին և գործում է Հայաստանի Հանրապետության կողմից 2008 թվականի մայիսի 20-ին տրված «ոչ կյանքի ապահովագրություն» իրականացնելու ԱՊՈ թիվ 0009 լիցենզիայի հիման վրա: Ընկերությունը մտնում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Ընկերությունների Խմբի (Ռուսաստան) մեջ: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 4,5 միլիարդ դրամ: Ընկերության Խորհրդի կազմի մեջ են մտնում ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ի առաջատար մասնագետները և բարձրաստիճան ղեկավարությունը: ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունն ունի ամենալայն գրասենյակային ցանցը և ներկայացված է Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում, ունի հաճախորդների սպասարկման 47 գրասենյակներ, այդ թվում 18 մասնաճյուղ, 13 գրասենյակ Երևանում, և 34՝ Հայաստանի մարզկենտրոններում և խոշոր քաղաքաներում: ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերությունն առաջինը Հայաստանում ստացավ ISO 9001:2008 ստանդարտին համապատասխանության սերտիֆիկատ աշխարհահռչակ Moody International կազմակերպությունից: