Հայաստանի Բաղրամյանի անվան հրաձգարանում ավարտվել է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի (ՀԽՈՒ) «Անխախտ եղբայրություն 2015» զորավարժությունը: Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ զորավարժության ընթացքում առաջադրված խնդիրները հաջողությամբ կատարվել են: Նա նաև նշել է, որ Հայաստանում նման զորավարժություն առաջին անգամ է անցկացվել: Օհանյանն ընդգծել է զորավարժությանը ՄԱԿ և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ներկայության կարևորությունը: « Զորավարժության ընթացքում անցկացված հինգ դրվագներով մենք փաստեցինք, որ ստորաբաժանումները գործեցին համաձայնեցված և արդյունավետ: Ամենագլխավորը` կա վստահություն, որ մեր ստորաբաժանումներն անհրաժեշտության դեպքում կգործեն արդյունավետ, համաձայնեցված և արագ: Մեր տարածաշրջանում, որտեղ իրադրությունը բարդ է, դա չափազանց կարևոր է», - ընդգծել է հայ նախարարը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան իր հերթին բարձր է գնահատել ՀԱՊԿ ՀԽՈՒ անցկացրած զորավարժությունը: «Զորավարությունն ընթացել է շատ հաջող: Իրականացվել է շատ մեծ աշխատանք: Հայաստանի պաշտպանության նախարարության ղեկավարությունը չափազանց լուրջ միջոցներ էր ձեռնարկել ՀԱՊԿ խաղաղապահ ստորաբաժանումների գործունեության համար անհրաժեշտ միջոցների ստողծման ու ապահովման նպատակով», - նշել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Եվ այդ համատեքստում նա հավելել է, որ այս տարի անցկացվել են մի շարք լուրջ միջոցառումբներ` նպատակաուղղված ՀԱՊԿ հավաքական ուժերի մարտական պատրաստությաը: «Մայիսին անցկացվեց Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի անսպասելի ստուգում, անցկացվեցին հակաթմրանյութային գերատեսչությունների հատուկ ստորաբաժանումների զորավարժություններ Ղրղըզստանում, ՆԳՆ մարմինների հատուկ ստորաբաժանումների ղեկավարների հավաք Ղազախստանի տարածքում: Այդ ամենը ոչ այլ ինչ է, եթե ոչ միջոցառումների մի ողջ համալիր` նպատակաուղղված մեր երկրների անվտանգության ապահովմանն ուղղված համատեղ գործունեության արդյունավետության բարձրացմանը», - եզրափակել է Բորդյուժան: Զորավարժության ավարտին աչքի ընկած զինծառայողներն արժանացել են պարգևների:
ՀԱՊԿ ՀԽՈՒ «Անխախտ եղբայրություն 2015» զորավարժությունն ընթացել է Մարշալ Բաղրամյանի անվան հրձգարանում` սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերիկ 4-ը: Զորավարժությանը մասնակցել էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի 600 զինծառայողներ, ինչպես նաև շուրջ 50 միավոր մարտական և հատուկ տեխնիկա, չորս ուղղաթիռ և հայկական անօդաչու թռչող սարքեր` տեղանքի հետախուզման համար: