ՙԱլյանս՚ առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը հանդես է եկել ՙՀայաստանի էլեկտրական ցանցեր՚ ընկերության կողմից հանցագործության մասին բաց հաղորդմամբ:
ՙՀայաստանի Հանրապետությունում առկա ծանրագույն և բնակչության համար արդեն անտանելի դարձած սոցիալ-տնտեսական վիճակում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը հղի է լինելու աղետալի հետևանքներով: Առանց այն էլ ճգնաժամային վիճակն ավելի է ծանրանալու բազմաթիվ ապրանքների ու ծառայությունների գների թանկացմամբ, տեղի կունենա մանր ու միջին մի շարք ձեռնարկությունների փակման հերթական փուլը, տասնյակ հազարավոր մարդիկ ևս կլքեն երկիրը և այլն:
Մինչդեռ ՙՀայաստանի էլեկտրական ցանցեր՚ ընկերության էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտը, ինչպես հայտնվել է հանրությանը, պայմանավորված է ՀԷՑ-ի վնասներով, որոնք առաջացել են մասնավորապես ոչ իրատեսական էներգահաշվեկշիռների, ընկերության ղեկավարության ոչ արդյունավետ աշխատանքի և կորուստների հետևանքով: Ընդ որոում կորուստների թիվը, ըստ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի, վերջին տարիներին հասնում է շուրջ տաս միլիարդ դրամի տարեկան: Նախարարն ուղղակիորեն հայտարարեց, որ դա, մասնավորապես, գողության արդյունք է: Իսկ գողությունը, ինչպես հայտնի է, քրեական հանցագործություն է, և նախարարի այդ հայտարարությունը ուղղակիորեն բաց հաղորդում է հանցագործության մասին:
Ելնելով վերոգրյալից` ներկայացնում ենք սույն հայտարարությունը, որպես բաց հաղորդագրություն հանցագործության մասին բաց հաղորդման մասին: Քանի որ տվյալ հարցերը Ազգային ժողովում բարձրացվել են ՙԱլյանս՚ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանի կողմից, սակայն ոչ նախարար Զախարյանի, ոչ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանի պատասխանները հանրության համար բավարար չեղան, ուստի պահանջում ենք Երվանդ Զախարյանի հայտարարության հիման վրա հարուցել քրեական գործ հանցագործությունը բացահայտելու և մեղավորներին պատժելու համար:
Ոմանց անփութության, լկտիության, «անարդյունավետ կառավարման ու գողությանե, իսկ ոմանց էլ հանցավոր թողտվության պատճառով առանց այն էլ ծայրահեղ վիճակում գտնվող մեր ժողովուրդը չպետք է վճարի և չի վճարելու:
Սույն հայտարարությամբ պահանջում ենք նաև ՀՀ իշխանություններից զերծ մնալ Ժողովրդին հերթական սոցիալական ցնցման ենթարկելու փորձից ու ՀԷՑ-ի ավանտյուրայի իրականացումը թույլատրելուց՚,- ասված է կուսակցության հայտարարության մեջ:
Մայիսի 8-ին ՙՀայաստանի էլեկտրական ցանցերը՚ պաշտոնապես էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման վերաբերյալ հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ): Մասնավորապես, առաջարկվում է 1 կՎտ էլետրաէներգիայի ցերեկային սակագինը բարձրացնել մինչև 58,93 դրամ, ներկայիս 41,85 դրամի փոխարեն, իսկ գիշերային սակագինը` մինչև 48,93 դրամ, ներկայիս 31,85 դրամի փոխարեն: Հանձնաժողովը կարող է 80 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրել ՀԷՑ հայտը: Դրա բավարարման դեպքում սա կլինի էլեկտրաէներգիայի սակագների երրորդ բարձրացումը վերջին 2 տարում: Երկրի իշխանությունները` ի դեմս էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի, փորձում են հերթական թանկացման համար մեղքը բարդել ՀԷՑ ՙվատ մենեջմենթի՚ վրա: Միևնույն ժամանակ, նույն Երվանդ Զախարյանի տեղակալի ասելով, ՀՀ կառավարության երաշխիքով և ՀԾԿՀ համաձայնությամբ ցանցերը ներգրավել են 220 մլն դոլարի վարկեր: Հետևաբար, ընկերության անվճարունակության դեպքում այդ պարտավորությունը պետք է ստանձնեն հարկատուները: