Մերձավոր արևելքից բխող լուրջ սպառնալիքների իրավիճակում ռուսական ռազմակայանները Հայաստանում Մոսկվայի համար չափազանց կարևոր են: Առցանց հարցազրույցում ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի վերլուծաբան Վարվարա Պախոմենկոն:
«Կարծում եմ, որ այն ֆոնին, երբ Մերձավոր արևելքից բխող սպառնալիքն սկսում է աստիճանաբար ավելի լրջորեն ընկալվել, Մոկսվայի համար Հայաստանի հետ գործընկերությունը չափազանց կարևոր է», - նշել է նա:
Միևնույն ժամանակ վերլուծաբանը կարծում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան ունեն ոլորտներ, որտեղ համագործակցությունն անհրաժեշտ է: Պախոմմնկոն կարծում է, որ Արևմուտքի հետ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Թուրքիայի հարաբերությունների վատթարացման ֆոնին, իրոք, առկա է որոշ հարցերի շուրջ Անկարայի և Մոսկվայի շփումների ինտենսիֆիկացում: Համագործակցության ակնհայտ ոլորտներ են անվտանգության խնդիրները` Սիրիայի և Իրաքի հակամարտության առնչությամբ:
«Ռուսաստանի իշխանություններն ԻՊ կողմից սպառնալիքը դիտարկում են որպես չափազանց լուրջ, մասնավորապես, մտավախություն ունենալով, որ գրոհայինները կվերադառնան հայրենիք և կհամալրեն տեղում զինված ընդհատակի շարքերը: Այդ մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է տարածաշրջանի երկրների համագործակցությունը` Թուրքիայի, Ռուսաստանի և Վրաստանի, որը նույնպես բախվել է համանման խնդրի», - նշել է նա:
Ռուսաստանի և Թուրքիայի միջև Հարավային Կովկասով տրանսպորտային հաղորդակցության խնդիրը լուծելու անհրաժեշտության լույսի ներքո Պախոմենկոն չի բացառում բանակցություններն Անդրկովկասյան մայրուղով երթևեկության վերսկսման շուրջ, որն ամենակարճ ճանապրահն է կենտրոնական Ռուսաստանից դեպի Թուրքիա և Իրան: Նրա գնահատմամբ, այդ ճանապարհհը կարող էր լինել ավելի հուսալի, քան Ռազմավիրականը, կապել նաև Ռուսաստանը Հայաստանի հետ:
Մամուլի ասուլիսը կազմակերպվել էր «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ««Երկխոսություն» միջազգային մամուլի կենտրոն. միջազգային տեղեկատվության աղբյուրնեի դիվերսիֆիկացում հայկական մեդիայի համար» նախագծի շրջանակում` ԵԱՀԿ Երևանի գրասենյակի աջակցությամբ: