Եվրոպայի հայկական կազմակերպություններն իրենց ներդրումն են ունենում Ադրբեջանի
նկատմամբ բանաձևերի ընդունման հարցում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտարարել է
Եվրոպայի ՙՀայ Դատի՚ գրասենյակի ներկայացուցիչ Պետո Դեմիրճյանը:
Հիշեցնենք, որ
սեպտեմբերի 18-ին Եվրախորհրդարանը բավականին կոշտ բանաձև է ընդունել Ադրբեջանի
նկատմամբ` կապված այդ երկրում իրավապաշտպանների նկատմամբ դատական հետապնդումների
հետ: Բանաձևը, մասնավորապես, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման
սպառնալիք է պարունակում, եթե իրավապաշտպանների նկատմամբ հետապնդումները չդադարեցվեն:
Եվրախորհրդարանը սպառնում է նաև խզել Ադրբեջանի հետ հարաբերությունները, եթե
վերջինս չդադարեցնի քաղաքացիական հասարակության վրա ճնշումները:
Մեկնաբանելով այս
փաստաթուղթը` ՙՀայ Դատի՚ ներկայացուցիչը նշել է, որ սա 2012 թվականից ի վեր
Եվրախորհրդարանում ընդունված չորրորդ փաստաթուղթն է: ՙՈրոշ տեղեկությունների
համաձայն, ԱՀ կառավարությունը և խորհրդարանն արդեն ինչ-որ գործողություններ են
ձեռնարկում այդ բանաձևի հետևանքները չեզոքացնելու համար, սակայն, կարծում եմ, այդ
փորձերն ապարդյուն են: Հակառակ ՙնավթային՚ և ՙխավիարային՚ դիվանագիտությանը`
Եվրամիությունը և Եվրախորհրդարանն ավելի ու ավելի ակտիվ են դատապարտում Բաքվի
վարչակարգի ավտորիտարիզմը՚,- նշել է Դեմիրճյանը:
Նա
հավելել է, որ Եվրոպայի ՙՀայ Դատի՚ գրասենյակը մշտապես տեղեկացնում է
Եվրահանձնաժողովին և Եվրախորհրդարանին Ադրբեջանում այլախոհների նկատմամբ
հետապնդումների մասին` նրանց ուշադրությունը հրավիրելով այնտեղ տիրող
ամենաթողության վրա, ցույց տալով ալիևյան իշխանության իրական էությունը: ՙԵթե
այսպես շարունակվի, Բաքվի նկատմամբ իրական պատժամիջոցները բացառված չեն: Մենք
հետևողականորեն աշխատելու ենք այդ ուղղությամբ՚,- խոստացել է Դեմիրճյանը: