Իսրայելը և Հայաստանը նախատեսում են առանց վիզայի ռեժիմի վերաբերյալ համաձայնագիր ստորագրել: Ի՞նչ փուլում են գտնվում բանակցությունները: Ո՞րն է այդ համաձայնագրի նպատակը:
Առանց վիզային ռեժիմի վերաբերյալ համաձայնագրերը նախատեսված են ամենից առաջ փոխադարձ զբոսաշրջության և բիզնեսի խրախուսման համար: Դրանք թույլ են տալիս երկու երկրների քաղաքացիներին խուսափել հյուպատոսական քաշքշուկից և օգտվել համաձայնագրի մասնակից երկիր մուտքի դյուրացված ռեժիմից: Դա, անշուշտ, երկրների միջև բարեկամության յուրօրինակ դրսևորում է:
Իսրայելը և Հայաստանն առանց վիզային ռեժիմի վերաբերյալ համաձայնագիր ունեն դիվանագիտական անձնագրեր ունեցող պաշտոնատար անձանց համար: Ազգային անձնագրեր կրողմների համար առանց վիզային ռեժիմն արդեն հաջորդ փուլն է: Այնպես որ, հուսով ենք, որ այն հաջողությամբ կիրականացվի: Նման համաձայնագրեր Իսրայելն ունի ԱՊՀ երկրների մեծ մասի հետ:
Հայաստան վերջերս կատարած Ձեր այցի ընթացքում Դուք նշեցիք, որ Իսրայելի ժողովուրդը շատ դյուրազգաց է Հայոց ցեղասպանության հարցի հանդեպ: Կարո՞ղ են արդյոք իսրայելցիները, մարդիկ, ովքեր Հոլոքոսթ են ապրել, աջակցել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացին և ներկայիս փակուղուց դուրս գալուն, արդյո՞ք ինչ-որ տեղաշարժեր կան այդ ուղղությամբ:
Իրականում, ինչպես նշեցիք, իսրայելցիները և ընդհանուր առմամբ հրեաները խիստ զգայական վերաբերմունք ունեն հայ ժողովրդի ապրած ողբերգության հանդեպ: Իսրայելը և Թուրքիան անցյալում բարեկամական և ջերմ հարաբերություններ են ունեցել`համադրելի երկու երկրների շահերի հետ: Մեր օրերում այդ հարաբերությունները փոքր-ինչ սառել են, երկու երկրները փոխադարձաբար ներկայացված են դիվանագետներով, ովքեր չունեն դեսպանների կաևգավիճակ: Այնպես որ, խիստ կասկածելի է, որ Իսրայելը կարող է ինչ-որ կերպ ազդել Թուրքիայի քաղաքականության վրա: Հուսով ենք, որ այդ հարաբերույթունները մոտ ժամանակներս կբարելավվեն, իսկ հետո Իսրայելն, անշուշտ, կարող է իր ներդրումն ունենալ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավման հարցում, եթե վերջիններս այդ մասին խնդրեն:
Հաշվի առնելով Հայաստանի բարձր մակարդակի հարաբերություններն իր գործընկեր Իրանի հետ`Իսրայելում բավականին զգույշ են վերաբերում Հյուսիս-Հարավ հաղորդակցման ուղու իրականացման գաղափարին: Կփոխվի արդո՞ք վերաբերմունքը`կապված Իրանի և ԱՄՆ-ի հարաբերություններում ներկայումս դիտվող դրական տեղաշարժերի հետ:
Մինչև Իրանը չփոխի իր քաղաքականությունը և չդադարեցնի սպառազինություն և գումար տրամադրելու միջոցով աջակցությունը միջազգային ահաբեկչությանը /Հեզբոլլահին, Համասին և ահաբեկչական այլ շարժումներին/, վերջ չտա Իսրայելի նկատմամբ սադրանքի իր որդեգրած քաղաքականություն`սպառնալով ոչնչացնել վերջինիս, և քանի դեռ շարունակում է իրականացնել իր միջուկային ծրագիրը, Իսրայելը չի կարող փոխել իր քաղաքականությունը: Նախագահ Ռոուհանիի ժպտադեմ քաղաքականությունն ակնհայտորեն բավարար չէ: Մինչև մենք որակական տեղաշարժեր չտեսնենք այդ քաղաքականությունում, ստիպված կլինենք պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ և նույնիսկ` զգալիորեն խստացնել դրանք:
Իսրայելը պաշտպանում է անկախ իրաքյան Քուրդիստանի գաղափարին: Առաջին հայացքից դա բավականին հակասական դիրքորոշում է`հաշվի առնելով շարունակվող արաբա-իսրայելական հակամարտությունը և Պաղեստինի անկախության ձգտումը: Կարո՞ղ եք բացատրել Իսրայելի նման դիրքորոշումը:
Ես զուգահեռներ չէի անցկացնի այդ երկու բաների միջև: Քուրդիստանի անկախությունը սեղանին դրված չէ: Բայց քանի որ խոսք գնաց իսրայելա-պաղեստինյան հակամարտության մասին, ապա պետք է իմանաք, որ Իսրայելը կողմ է անկախ և ինքնիշխան պաղեստինյան պետության ստեղծմանը, սակայն պայմանները, որոնք պաղեստինցիները դնում են Իսրայելի առջև, անընդունելի են, առացել ևս`այն բանից հետո, երբ պաղեստինյան վարչակազմը հաշտության պակտ ստորագրեց ՀԱՄԱՍ ահաբեկչական շարժման հետ, որը բացահայտ հայտարարում է Իսրայելը ոչնչացնելու իր նպատակի մասին, և ամեն օր հրթիռներ բաց թողնում իսրայելական քաղաքաների ու գյուղերի ուղղությամբ:
Ձեր կարծիքով, ո՞րն է հայ-իսրայելական առևտրատնտեսական կապերի նման ցածր մակարդակի պատճառը: Որոշ փորձագետներ կարծում են, որ Իսրայելի զարգացման տնտեսական մոդելը կարող է հաջողությամբ կիրառվել նաև Հայաստանում: Այնուամենայնիվ, այդ բնագավառում երկու երկրների միջև որևէ լուրջ խորհրդակցության վերաբերյալ տեղեկատվություն չկա: Չկա փորձի, մասնագետների, տեխնոլոգիաների փոխանակում: Արդյո՞ք երկրների միջև տնտեսական համագործակցության սկսման ինչ-որ ծրագրեր կան:
Իսրայելը պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ գործում, կիսվել էկոնոմիկայի և ֆինանսների ոլորտում իր փորձով, սակայն չի կարող ստիպել իսրայելցի գործարարներին ներդրումներ կատարել Հայաստանում, ինչպես և Հայաստանը չի կարող պարտադրել հայ գործարարներին բիզնես վարել Իսրայելի հետ: Առաջին հերթին պետք է լինի փոխադարձ հետաքրքրություն, ինչին կարող են նպաստել մաքսային բնագավառում տնտեսական համաձայնագրերը`խուսափելու համար կրկնակի հարկումից և այլն: Այս առումով արդեն բանակցություններ են ընթանում երկու երկրների միջև կրկնակի հարկման կանխման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման շուրջ: Մենք արդեն ունենք քաղաքացիական ավիացիայի վերաբերյալ համաձայնագիր: Պատրաստվում ենք Հայաստանում Նորարարությունների օրերի անցկացմանը, որոնք ուղղված կլինեն այդ ոլորտում իսրայելական հարուստ փորձին ծանոթացմանը:
Ի դեպ, վերջին երկու տարում արձանագրվել է Հայաստան այցելած իսրայելցի զբոսաշրջիկների թվի զգալի ավելացում: Կարծում եմ`այդ աճը զգալի չափով կապված է իսրայելցի մի շարք լրագրողների` Հայաստանի տուրիստական հրաշալի վայրերն այցելելու հրավերի հետ /Իսրայելի նախաձեռնությամբ/: Վերադառնալով Իսրայել`նրանք մի քանի հոդված են գրել ձեր երկրի գեղեցկության մասին, և դա զգալիորեն ազդել է իսրայելցիների զբոսաշրջային նախապատվությունների վրա: Երկու երկրների միջև օդային ուղիղ հաղորդակցության առկայությունը ևս իր ներդրումն է ունեցել այդ գործում: Իսրայելում ևս ակնկալում են հայ զբոսաշրջիկների թվի ավելացում: