Լեռնային Ղարաբաղում հողերի հանձնում չի լինելու: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` Արցախի հանրային հեռուստատեսությամբ հեռարձակված հարցազրույցում, ընդգծելով, որ միջազգային հանրությունը պետք է վերանայի Ադրբեջանի նկատմամբ իր վերաբերմունքը:
ԼՂՀ ղեկավարի ասելով, ինքը տեղյակ է հողերի վերադարձի հետ կապված քննարկումների, մեկնաբանությունների մասին: «Կցանկանայի, որ դադարեցնենք անհիմն քննարկումները»,- հայտարարել է նա: Բակո Սահակյանը նաև հորդորել է հակասություններ չփնտրել Հայաստանի եւ Արցախի դիրքորոշումների միջև, քանզի համոզված է, որ ապրիորի նման բան չի կարող լինել: «Մենք գործ ունենք համազգային նշանակության խնդրի հետ, չենք կարող ունենալ հակասություններ», - նշել է Սահակյանը: Նրա ասելով, հայկական կողմն իրականացնում է հետեւողական աշխատանքներ, և այս պահի դրությամբ դեռ Ադրբեջանից պատասխանը չի ստացել հիմնական հարցին, թե արդյոք Ադրբեջանն ընդունում է ԼՂՀ անկախությունը: «Եթե ոչ, ապա այն, ինչ քննարկվում է, այն, ինչ խոսվում է, առ ոչինչ են»,- հայտարարել է նախագահը:
ԼՂՀ ղեկավարն ընդգծել է, թե իրեն չի գոհացնում միջազգային հանրության արձագանքն Ադրբեջանի ապրիլյան ագրեսիային: Սահակյանը նշել է, որ գնահատականները անհասցե էին, իսկ կոչերն ուղղված էին հակամարտության երկու կողմերին: Մինչդեռ, ինչպես հայտարարել է ԼՂՀ նախագահը, միջազգային հանրության գործիքակազմում կան մեխանիզմներ, այդ թվում` ռազմական, որոնք կիրառվում են նման դեպքերում: «Համաշխարհային հանրությունը նման գործողությունները դիտրակում է որպես սպառնալիք քաղաքակիրթ աշխարհին և ոչնչացնում է նման ագրեսորներին», - հայտարարել է ԼՂՀ ղեկավար Բակո Սահակյանը: