Անելիք Բանկն իր
հաճախորդներին առավել նպաստավոր պայմաններ և հավելյալ հնարավորություններ
տրամադրելու նպատակով վերանայել է մի շարք ծառայություների դիմաց գանձվող
միջնորդավճարները` դրանք դարձնելով առավել մատչելի և մրցակցային: Մասնավորապես, վերանայվել են «Բանկ-հաճախորդ»
համակարգի, SWIFT միջազգային վճարային համակարգով իրավաբանական ու ֆիզիկական
անձանց կողմից կատարվող փոխանցումների, ինչպես նաև մի շարք այլ ծառայությունների
սակագներ:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի
լրատվական ծառայությունից, այսուհետ «Բանկ-հաճախորդ» համակարգով գործարքներ կատարելու իրավասության տրամադրման
համար իրավաբանական անձանցից գանձվող տարեկան վճարը կկազմի 20,000 ՀՀ դրամ, իսկ ֆիզիկական
անձանցից` 5,000 ՀՀ դրամ: Հիշեցնենք, որ նախկինում նշված ծառայության համար բանկի
հաճախորդները վճարում էին ամսեկան համապատասխանաբար 4,000 ՀՀ դրամ և 900 ՀՀ դրամ:
Սակագնային նման փոփոխությունը թույլ է տալիս
հաճախորդներին կրճատել սպասարկման վճարի գծով իրենց տարեկան պարտավորությունները
ավելի քան երկու անգամ: Տեղեկացնենք նաև, որ այսուհետ «Բանկ-հաճախորդ» համակարգով
հաճախորդների հաշիվների դիտման իրավասության տրամադրման համար նրանցից տարեկան կամ
ամսական սպասարկման վճար չի գանձվելու: Համակարգին միանալու համար (թե դիտման
իրավասության և թե գործարքներ կատարելու իրավասության տրամադրման համար) անհրաժեշտ
է կատարել մեկանգամյա վճար` իրավաբանական անձանց դեպքում 10,000, իսկ ֆիզիկական
անձանց դեպքում` 5,000 ՀՀ դրամ: Նշենք նաև, որ SWIFT համակարգով իրականացվող
միջազգային փոխանցումները հոկտեմբերի 1-ից հնարավոր կլինի կատարել` սկսած 3000 ՀՀ
դրամից նախկին 7,500 ՀՀ դրամի փոխարեն:
«Անելիք Բանկը մշտապես իրականացրել է ճշգրտված և
շուկային համահունչ սակագնային քաղաքականություն: Վստահ եմ, որ սակագների այս
փոփոխությունները Բանկի հաճախորդներին հնարավորություն կտան առավել նպաստավոր
պայմաններով իրականացնել իրենց գործարքները»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի
վարչության նախագահի տեղակալ-Բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Մկրտչյանը:
Նշենք, որ Անելիք Բանկի ընդհանուր կապիտալը 2014 թվականի հուլիսի 1-ին կազմել է
12.3
մլրդ դրամ, ակտիվները`69.2 մլրդ դրամ, վարկային ներդրումները`47,4 մլրդ դրամ
(ակտիվների 68.5%-ը), պարտավորությունները կազմել են 56.9 մլրդ դրամ: Վերջինների
կառուցվածքում ժամկետային ավանդները կազմել են 56.9% կամ 32.4 մլրդ դրամ, որից
ավելի քան 85%-ը կազմում են ֆիզիկական անձանց միջոցները: Բանկն ունի 13
մասնաճյուղ, որից 6-ը գտնվում է Երևանում: 2014 թվականի 3-րդ եռամսյակում Լիբանանի
CreditBank SAL բանկը, որը հանդիսանում է Անելիք Բանկի միանձնյա սեփականատերը,
կանոնադրական կապիտալը հասցրեց 1 մլրդ դրամի` ուղղակի ներդրման միջոցով: Հատկացված
միջոցները կուղղվեն բանկի ռազմավարական ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև
մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնմանը: Լիբանանանյան CreditBank SAL
բանկն Անելիք Բանկի բաժնետեր դարձավ 2009-ի փետրվարին, ձեռք բերելեվ բաժնետոմսերի
51%-ը, իսկ 2013-ի հոկտեմբերից դարձավ բանկի միանձնյա սեփականատերը և հատկապես այդ
ժամանակ որպես բանկի ռազավարական առաջնահերթություն ընդունվեց մասնրածախը և ՓՄՁ
ոլորտի վարկավորումը: Մոսկովյան «ԱնելիքՌու» բանկը նույնպես 2012-ի դեկտեմբերին
օտարվեց Անելիք բանկից, նույնպես հանձնվելով լիբանանյան CreditBank SAL բանկի
տիրապետությանը: